Սփյուռքի երիտասարդներն առաջիկա ամիսներին երկու շաբաթով կլինեն հայրենիքում: «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը նախաձեռնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Նպատակը հայ երիտասարդների դինամիկ ցանցի ձևավորումն է, որում ակտիվորեն ներգրավված կլինեն աշխարհի տարբեր համայնքներից սփյուռքահայ երիտասարդներ։
Զարեհ Սինանյան, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար - Առաջին անգամ, այս տարի, 25 երիտասարդներ հրավիրվելու են Հայաստան և Հայաստանում, 2 շաբաթ տևող ծրագիրն անցնելուց հետո, վերադառնալու են համայնքներ և տեղում կարողանալու են արդեն գործել՝ որպես Հայաստանի սիմվոլիկ դեսպաններ:
Երիտասարդները կմասնակցեն տեսական և գործնական դասընթացների, կայցելեն պատմական և մշակութային վայրեր, կրթական, գիտական, տեխնոլոգիական ինստիտուտներ, կմասնակցեն հասարակական, մշակութային միջոցառումների և կամավորական աշխատանքների։
Զարեհ Սինանյան - Ծրագիրը ֆինանսավորում է մեր սփյուռքյան գործընկեր «Ջինիշյան» հիմնադրամը: Լսելով ծրագրի մասին Միացյալ Նահանգներ իմ վերջին այցելության ժամանակ՝ շատ հավանեցին այն և որոշեցին լիովին ֆինանսավորել այն:
«Երիտասարդ դեսպան» կարող են դառնալ 22-35 տարեկան այն սփյուռքահայերը, որոնք առնվազն 5 տարի Հայաստանից դուրս են բնակվում, հայկական համայնքների ակտիվ անդամ են, տիրապետում են հայերենին և ցանկություն ունեն ամրապնդելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները:
Գրետա Մնացականյան, «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ղեկավար - Այս պահին ունենք 87 հայտադիմում՝ 21 երկրից: Առավելապես գերակշռում են Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Արգենտինայից հայտադիմումները: Մենք հայտերի ընդունման գործընթացը կավարտենք հուլիսի 5-ին, կկազմվի, այսպես ասած, նախնական ընտրություն անցած մասնակիցների ցուցակ, որոնց հետ արդեն կսկսվեն համապատասխան աշխատանքները:
Կազմակերպիչները հուսով են՝ ծրագրի մասնակից Սփյուռքի երիտասարդ դեսպանների ջանքերով աշխարհում մեր պետության ձայնն ավելի լսելի կդառնա, իսկ ծրագիրն էլ շարունակական կլինի: