Մանհեթենի քրեական դատարանը ԱՄՆ նախկին նախագահին պատկանող «Թրամփ» կազմակերպությանը մեղադրանք է ներկայացրել հարկերից խուսափելու, ֆինանսական փաստաթղթեր կեղծելու, խարդախության և գույքի հափշտակման համար՝ հայտնում է BBC-ն:
Ընկերության գլխավոր մենեջեր Ալեն Վայսելբերգին, որը մի քանի տասնամյակ Թրամփի ընկերության ֆինանսական պատասխանատուն էր, հինգշաբթի առավոտյան ձեռնաշղթաներով տեղափոխել են դատարան: Նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում:
Սպիտակ տունը հայտարարել է, որ չի մեկնաբանի մեղադրանքները՝ նշելով, որ հարկային պահանջները տարածվում են բոլորի վրա:
Վայսելբերգը հերքում է ներկայացված մեղադրանքները: Թրամփի փաստաբանները պնդում են՝ անհապաղ փակել գործը հանցանքների բացակայության պատճառով: Իսկ Դոնալդ Թրամփը քրեական գործը համարել է քաղաքական ընդդիմախոսների՝ իր հետ հաշվեհարդար տեսնելու փորձ։