Քննության փուլ այդպես էլ չմտնող, տարիներով ձգձգվող դատավարություններ այլևս չեն լինի՝ հավաստիացնում է Արդարադատության նախարարությունը: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխոթւյան նախագիծը: Նախատեսվում է մի շարք փոփոխություններ, ըստ որոնց սահմանվում է իրավունքի չարաշահման արգելք: Սա նշանակում է՝ այն դեպքերում, երբ դատարանը որոշի, որ անհիմն միջնորդություններ ու բացարկներ են ներկայացվում, կկիրառի սանկցիա:
Արփինե Սարգսյան (ԱՆ քրեական օրենսդրության մշակման վարչության պետ) - Հիմա եթե օրինակով ներկայացնեմ, հետևյալն է. վարույթի շրջանակներում անձինք հաճախ չարաշահում են իրենց իրավունքները բազմաթիվ միջնորդություններ են ներկայացնում. պարբերաբար միջնորդում են նոր նյութեր ստանալու համար, կամ հրաժարվում են պաշտպանից և ցանկանում են մեկից ավել պաշտպան: Այսինքն՝ արհեստականորեն ձգձգում են: Այո, արհեստականորեն ձգձգում են, և ունենում ենք այնպիսի իրավիճակ, որ ավելի շատ ժամանակահատված տրամադրվում է միջնորդությունների քննությանը, քան բուն գործի քննությանը:
Բացարկի դեպքում վարույթը չընդհատելու, նույն կետից շարունակելու համար նախատեսվում է պահեստային դատավորի ներգրավումը: Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության մշակման վարչության պետի խոսքով, բազմաթիվ են դեպքերը, երբ բացարկից հետո նոր դատավորը նորից է սկսում գործի քննությունը:
Արփինե Սարգսյան - Սա նշանակում է որ գործին քննությանը զուգահեռ տվյալ դատավորը դատարանի նախագահին է դիմում, որ ներկա լինի պահեստային դատավոր: Այն դեպքում երբ բացարկ է լինում կամ լիազորություններն են կասեցվում, կամ այլ հանգամանք է ի հայտ գալիս պահեստային դատավորն է գործը շարունակում քննել, ոչ թե սկզբից, այլ այն տեղից որտեղ գործը կանգնել է:
Մեկ այլ փոփոխությամբ, եթե նախկինում քննությունից խուսափող անձի պարագայում վարույթը պարզապես կասեցվում էր, ապա օրենքի նոր նախագծով հնարավոր կլինի սկսել դատական քննությունը պաշտպանի մասնակցությամբ:
Արփինե Սարգսյան - Մի հատուկ կարգավորում կա. եթե անձը ի հայտ է գալիս, ապա կայացված դատական ակտը բեկանվում է և ուղարկվում է առաջին ատյան՝ նոր քննության: Հանրային պաշտպան են տալիս:
Արդարադատության նախարարության հեղինակած օրենքի նոր նախագիծը ընդլայնում է նաև խափանման միջոցների շրջանակը․ օրինակ՝ կալանքը, առողջական խնդիրների դեպքում, կարող է փոխարինել տնային կալանքը, վարչական հսկողությունը: