Հունիսի 29-ին Արարատի մարզի Ավշար գյուղում դանակահարություն էր եղել: Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Արարատի բաժնում ժամը 1:00-ի սահմաններում էր ստացվել. հերթապահ քույրը հայտնել էր, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով ու գլխի վնասվածքով 22-ամյա երիտասարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Հանցագործությունը բացահայտվել է քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ։ Ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ հունիսի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, գումարային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր Արարատի Շահումյան փողոցի 36-ամյա մի բնակիչ։
Կասկածվողը նույն օրը հայտնաբերվել է, բերման ենթարկվել ոստիկանության Արարատի բաժանմունք, տվել խոստովանական բացատրություն և ձերբակալվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: