«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում կսահմանվի հսկողության խստագույն ռեժիմ՝ հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ զբոսաշրջիկների և քաղաքացիների այցելությունները հնարավորինս անվտանգ և համակարգված իրականացնելու և տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն հանձնարարել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում սահմանել հսկողության խստագույն ռեժիմ, մասնավորապես․
հանգստի կազմակերպման ժամանակ խարույկների կազմակերպումը,
սննդի պատրաստման նպատակով կրակարանների (մանղալ) օգտագործումը,
տարածքներ ապօրինի մուտքի դեպքերը,
տարածքների պահպանության ռեժիմների պահանջները,
կրակարանների դուրսբերումը տարածքներից,
կանոնավոր աղբահանություն,
կանոնակարգված մուտք և ելք։
Հետևողական լինել այցելուների վարքագծային կանոնների պահպանմանը և հրդեհային անվտանգության կանոնների ապահովմանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում և հորդորում եմ պահպանել սահմանված կանոնները։ Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռոմանոս Պետրոսյանը: