Հուլիսի 2-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է Եվրամիության՝ քաղաքական հարցերի արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Էնրիկե Մորոյի հետ՝ հայտնում է Դաշնության արտաքին գերատեսչության պաշտոնական կայքը: Տեղի է ունեցել առարկայական քննարկում ԱՊՀ տարածքում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի և Հարավային Կովկասում անվտանգության հարցերի մասին միջազգային ժնևյան քննարկումների ընթացքի վերաբերյալ: Ռուսական կողմը շեշտել է ցանկացած ապօրինի գործողության անընդունելիությունը, որն ուղղված է ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելուն և նրանց սահմանադրական-իրավական կարգի խախտմանը:
*****
Բելգիական 4 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել կառավարությանը դադարեցնել բելգիական զենքի տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա: Նրանք սպառնացել են դատի տալ տեղական իշխանություններին, եթե փոփոխություններ չլինեն: Հասարակական կազմակերպությունների նամակում նշվում է, որ Թուրքիան այդ տեխնոլոգիաներն օգտագործել է Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում՝ խախտելով զենքի էմբարգոն: Դա ոչ միայն անօրինական է, այլև անբարոյական՝ արձանագրում են իրավապաշտպան կազմակերպությունները:
*****
System of a Down-ի ռոք խումբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել բոյկոտել ԵՎՐՈ-2020-ի 1/4 եզրափակչում Դանիայի և Չեխիայի խաղը, որը տեղի կունենա Բաքվում: Թանկյանը սոցիալական ցանցերի իր հաշիվներում գրել է, որ պատերազմ հրահրող Ադրբեջանը չի կարող այդպիսի խաղ անցկացնել, ասես ոչինչ չի եղել, մանավանդ, որ մարզահրապարակի մոտակայքում Բաքվի խայտառակ, այսպես կոչված, «ռազմավարի» պուրակն է: Թանկյանը համապատասխան ստորագրահավաք-հանրագիր է սկսել change.org կայքում:
*****
YouTube-ը ջնջել է հայերի հասցեին ատելության խոսքի հետ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի քարտուղար Ֆահրեթին Ալթունի տեսանյութը: Թուրքիայի լրատվամիջոցները հաղորդել են, որ Ալթունը ելույթ է ունեցել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Նա Յութուբին մեղադրել է երկակի չափանիշներ կիրառելու համար:
*****
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Քննարկվել են տարբեր կարևոր արտաքին քաղաքական խնդիրներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը: «Մենք համաձայնեցինք, որ վերջին 10 տարվա ընթացքում հսկայական առաջընթաց է գրանցվել, և վերջերս կայացած գագաթնաժողովում այդ առաջընթացը ճանաչվել է: Մենք քննարկել ենք տարածաշրջանային անվտանգության հարցը, և ուզում եմ շեշտել, որ ՆԱՏՕ-ն ունի տպավորիչ դեր, որն այժմ խաղում է Վրաստանը տարածաշրջանում՝ օգնելու Ադրբեջանին և Հայաստանին հաղթահարել ռազմական գործողությունները և բանակցություններ սկսել: Սա եզակի դեր է, որը կարող է խաղալ միայն Վրաստանը: Վրաստանը դա անում է իսկապես ստեղծագործ և էներգիայով: Մենք տեսնում ենք, որ նա օգնում է Ադրբեջանին և Հայաստանին միմյանց հետ խոսելու հարցում: Մենք գոհ և երախտապարտ ենք դրա համար»,- ասել է Ափաթուրայը: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն նշել է նաև, որ քննարկել են սևծովյան տարածաշրջանի անվտանգության վատթարացումը, ու այժմ պետք է գործեն՝ աշխատելով միասին:
*****
Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն իրենց զինված ուժերը դուրս են բերել Աֆղանստանի Փարվան նահանգի Բաղրամ քաղաքում գործող ավիաբազայից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը: Նա, սակայն, չի նշել, թե երբ է այն վերադարձվելու Աֆղանստանի զինված ուժերին: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին հայտարարել է, որ որոշել է դադարեցնել գործողությունն Աֆղանստանում, ինչը դարձել է ամերիկյան պատմության մեջ ամենաերկար արտասահմանյան ռազմական արշավը: ԱՄՆ-ն այս պատերազմն սկսել է 2001 թվականի հոկտեմբերին, իսկ ամերիկյան զորքերի դուրսբերումը՝ այս տարվա մայիսին: Ավելի վաղ ծրագրված էր Աֆղանստանը լքել մինչև սեպտեմբերի 11-ը: 2010-2013 թվականների գործողությունների ժամանակ Աֆղանստանում արևմտյան ուժերի թիվը գերազանցում էր 150 հազարը: