Հունվարից-մայիս Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 4,3 տոկոս է կազմել: Ոլորտի մասնագետների կարծիքով՝ տարվա արդեն երրորդ ու չորրորդ եռամսյակում այս թիվը կարող էլ աճել՝ հասնելով 7 տոկոսի: Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանի գնահատմամբ՝ հենց 2021-ի երկրորդ կեսին որոշ չափով հնարավոր կլինի վերականգնել տարվա առաջին 6 ամսվա, նաև քաղաքական պատճառներով, բաց թողածը:
Տիգրան Ջրբաշյան (տնտեսագետ) - Քաղաքական անորոշությունների վերացումը լուրջ ազդեցություն կունենա այդ իմաստով:
Հետընտրական շրջանում կարևորը մասնավոր ներդրումների խթանում է՝ կարծում են փորձագետները, նկատում՝ վերջին երկու տարում դրանք կրճատվել են: Փաստը համարելով մտահոգիչ՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասում է՝ այստեղ Կառավարությունը պետք է հստակ ռազմավարություն մշակի, արագ գործի:
Վահագն Խաչատրյան (տնտեսագետ) - Բոլորիս շատ անհանգստացնողը ներդրումներն են: Ունենք 16 տոկոս. դա վատ է, ու պետք է մտածենք հասցնենք 30-40: Կարծում եմ՝ Կառավարությունն էլ տիրապետում, ու դա է հեղաշրջումը անող:
Աշոտ Խուրշուդյանի գնահատմամբ էլ՝ այս հարցում գործադիրը պետք է ուշադրությունը կենտրոնացնի երկարաժամկետ ծրագրերի իրականացման վրա, քովիդով տեմպի կառավարումը դրա անբաժան մասն է: Տնտեսագետը շեշտում է՝ եթե քայլեր չձեռնարկվեն, դրամի նկատվող կայունացումը, տրանսֆերտների աճը, որ ազդել են տնտեսության աշխուժացման վրա, կարող են կարճաժամկետ էֆեկտ ունենալ:
Աշոտ Խուրշուդյան (տնտեսագետ) - Ունենք կայունություն, բայց պիտի վակցինացիան ապահովվի, որ մինչև տարևերեջ նոր ազդեցություն չլինի տնտեսության վրա:
Տարվա առաջին 4 ամսում ներմուծումն աճել է 6, արտահանումը՝ 20 տոկոսով: Մեր երկիրը պղնձի մատակարար է, և տնտեսագետները կարծում են՝ Չինաստանից եկող պահանջարկով պայմանավորված պղնձի շուկայում բարձր գները դեռ կպահպանվեն:
Արտահանման կառուցվածքում նաև գյուղատնտեսությունն իր մասնաբաժինն ունի, ու փորձագետների խոսքով՝ ոլորտը հիմա բուռն ներդրումների փուլում է: Դրա արդյունքը տեսանելի կլինի առաջիկայում, բայց մասնագետները կարծում են՝ այդտեղ պետք է առաջնորդվել ժամանակի պահանջներով ու ճիշտ կառավարել ջրային պաշարները: