ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տիկնոջ հետ ժամանել է Ֆլորիդա, այցելել է Մայամիի 12-հարկանի փլուզված շենքի վայրը և հանդիպել տուժած ընտանիքների ու անհետ կորածների հարազատների հետ: Հանդիպումը տևել է մոտ երեք ժամ: Ըստ Բայդենի՝ զոհերի ընտանիքների հետ զրույցը իրեն հիշեցրել է իր անձնական ողբերգության մասին. Ամերիկայի նախագահի առաջին կինն ու դուստրը զոհվել են ավտովթարի ժամանակ, իսկ որդին՝ Բոն, մահացել է քաղցկեղից:
Անհայտ կորածների որոշ հարազատներ հրաժարվել են հանդիպել Բայդենի հետ՝ համոզված, որ նախագահի ժամանումը կարող է դանդաղեցնել որոնման աշխատանքները, և երկրի ղեկավարին խորհուրդ են տվել անհապաղ հեռանալ՝ հաղորդում է CNN-ը:
ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ Մայամիում 12-հարկանի շենքի փլուզման հավանական պատճառը գլոբալ տաքացումն է: Ամերիկացի առաջնորդը նշել է, որ ինքը չունի նման վարկածի հիմնավոր ապացույցներ, բայց շեշտել է, որ կան ենթադրություններ, որոնց համաձայն փլուզումը տեղի է ունեցել ծովի մակարդակի բարձրացման հետևանքով: