Օրերս YouTube վիդեոպորտալը հեռացրել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունի ելույթի տեսանյութը՝ նշելով, որ այն ատելության խոսք է պարունակում՝ գրում է Ermenihaber-ը:
Էրդողանի աշխատակազմի լրատվության ու հաղորդակցությունների գրասենյակը, ի պատասխան Հայոց ցեղասպանության տարելիցի, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ցուցահանդես էր կազմակերպել «հայ ահաբեկիչների կողմից սպանված» դիվանագետների մասին, որտեղ էլ Ալթունը հակահայ ելույթ էր ունեցել։
YouTube վիդեոհոսթինգի վարչակազմի այս որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում և խիստ վրդովեցրել Ալթունին: Անդրադառնալով միջադեպին՝ Twitter-ում նա բողոք է ներկայացրել YouTube-ի դեմ՝ շեշտելով, որ տեսանյութի հեռացման որոշումը երեսպաշտություն է, և ընկերությունն առաջնորդվել է երկակի ստանդարտներով:
Հատկանշական է, որ սա YouTube-ից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ստահոդ տեսանյութերի հեռացման առաջին դեպքը չէ: Նախկինում էլ YouTube-ը հեռացրել է թուրք պաշտոնյաների և քաղաքացիների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ատելության խոսք պարունակող տեսանյութերը: Դրա վերջին օրինակներն են՝ թուրք պաշտոնաթող ծովակալ Ջիհաթ Յայջըն, որը տեսանյութում հերքել էր Հայոց ցեղասպանության փաստը՝ փոխարենը պնդելով, թե «հայերն են մուսուլմաններին սպանել», և ազգայնական «Լավ» կուսակցության պատգամավոր Մահմութ Քոչաքը, որը քննադատել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար: