Համաձայն Ժնևյան երրորդ կոնվենցիայի՝ ռազմագերիների հետ վարվելու կանոնների, ռազմական անձնակազմի անդամները, որոնք գերևարվել են զինված հակամարտության ընթացքում՝ մինչև զենքերը վայր դնելը՝ ներառյալ մինչև հրադադարի ստորագրումը, պետք է համարվեն ռազմագերի: Կոնվենցիայից այս մեջբերումը հայ ռազմագերիների նկատմամբ շինծու դատավարությունների վերաբերյալ՝ «Լուրերի» հարցմանն ի պատասխան առանձնացրել է Ռեյչըլ Դենբերը՝ HRW իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրենը:
Ռեյչըլ Դենբեր (HRW-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն) - Կոմպետենտ դատարանը կորոշի՝ արդյոք գերևարված անձը ստանո՞ւմ է ռազմագերու կարգավիճակ՝ դիտարկելով փաստերը, ինչպիսին է, օրինակ, այն, թե արդյոք այդ անձը համապատասխանո՞ւմ է Կոնվենցիայում ամրագրված ռազմագերու բնորոշմանը:
Տրիբունալի կոմպետենտության առանցքային չափորոշիչը նրա արդար և անկախ լինելն է: Ավելին, ըստ իրավապաշտպան կազմակերպության պաշտոնյայի, ռազմագերիների և պահված անձանց ապօրինի կալանավորումը ռազմական հանցագործություն է:
Մենք շատ լուջ կասկածներ ունենք, որ Ադրբեջանը ռազմագերիների և պահված անձանց հետ չի վարվում Ժնևյան կոնվենցիայի դրույթներին համաձայն: Հայաստանի նկատմամբ թշնամանքը, որն ակնհայտ է բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում, առաջացնում է մտահոգություններ, որոնք նաև հիմնված են Ադրբեջանի իշխանության կողմից քրեական արդարադատությունը չարաշահելու և քաղաքական նպատակներով օգտագործելու արձանագրված դեպքերի վրա: Այդ ամենը մտահոգություն է առաջացնում, որ մարդիկ չեն արժանանա արդար, միջազգային չափորոշիչներին համապատասխանող դատավարության: Ահա թե ինչու պետք է լինի միջազգային մոնիտորինգ՝ կոմպետենտ, բազմանդամ կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն կամ ՄԱԿ-ը:
Կամայական ազատազրկումն արգելված է՝ նշում է HRW-ն:
Նամակում անդրադարձ կա նաև Բաքվում բացված՝ այսպես կոչված «ռազմավարի պուրակին»: Այն շարունակում է ցնցել Եվրոպային:
Ինչ վերաբերում է «ռազմավարի պուրակին»՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի խիստ հայտարարությունն այս հարցի վերաբերյալ ընդգծում է, որ պուրակն ունի մարդկանց հետ անմարդկային վերաբերմունքն արտացոլող տեսարաններ, որոնք չափազանց մտահոգիչ են և ստորացուցիչ: Ես նորից կհնչեցնեմ Ադրբեջանի իշխանությանն ուղղված նրանց կոչը, որ նրանք հստակ քայլեր ձեռնարկեն՝ կասեցնելու ցանկացած հռետորաբանություն կամ գործողություն, որը կարող է հանգեցնել թշնամանքի կամ ատելության սերմանման:
Եվս մեկ արձանագրում. ռազմագերիներին չի կարելի հետապնդել զինված հակամատության մեջ մասնակցելու համար՝ նշված է «Լուրեր»-ին ուղղված պատասխան նամակում: