ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ Տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիայի և շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստին:
«Մինչ այսօր մենք խոսում ենք տնտեսական խնդիրների և տնտեսական համագործակցության մասին, շատ բարդ է պատկերացնել համագործակցություն այնպիսի իրավիճակում, երբ հարևան երկիրդ անցյալ տարվա աշնանը սանձազերծել է անմարդկային պատերազմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության դեմ, այժմ պահում է հայ ռազմագերիներին՝ գերևարված ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո, բեմականացնում է նրանց դեմ շինծու դատական գործընթացներ և նույնիսկ ներխուժել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք այս տարվա մայիսին:
Ավելին, ապշեցուցիչ էր տեսնել Ադրբեջանի նախագահ Ալիևի և Թուրքիայի առաջին տիկնոջ զրույցի տեսանյութը, որում քննարկվում է գերևարված հայ քաղաքացիների հարցը, և Թուրքիայի առաջին տիկինը Ալիևին հարցնում է՝ դեռ կա՞ն գերիներ, ապա խորհուրդ տալիս վերադարձնել նրանց մաս առ մաս կամ փուլերով:
Տեսանյութը հստակ ապացույց է, որ բոլոր հայ գերիները պատանդ են Ադրբեջանում՝ քաղաքական սակարկությունների և առևտրի համար: Այդ պատճառով գերիների բոլոր դատավարությունները պարզապես բեմադրված են, իսկ ձերբակալությունները՝ նրանց հանդեպ արգելված պատժամիջոց: Իրականում սրանով Ադրբեջանի իշխանությունները փորձում են մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը:
Այսօր մենք իսկապես պետք է խոսենք Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, ներառյալ երկաթուղիները, փոխարենը Ալիևը հավակնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասին՝ իբրև միջանցքի, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ: Միջանցքը կապ չունի ճանապարհների և երկաթուղիների ապաշրջափակման հետ, դա մի հարց է, որը երբեք չի քննարկվել և քննարկվելու, փոխարենը շահարկվում է Ադրբեջանի ավտորիտար նախագահի կողմից, այդ թվում՝ ներքին օգտագործման համար: Իրականում ներխուժումը Հայաստանի Հանրապետություն հենց այն հատվածով, որն ամենանեղն է, երկմտանքի տեղիք չի տալիս ներխուժման դրդապատճառների վերաբերյալ:
Պատերազմն ավարտվել է 2020-ի նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրմամբ: Հայտարարության մեջ ավելի քան հստակ ասվում է, որ բոլորը գերիները և պահվող անձինք պետք է փոխանակվեն անհապաղ և առանց որևէ նախապայմանի: Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը: Եվ այս հարցը անհապաղ պիտի հասցեագրենք բոլոր ներկաներս: Սա անկասկած Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության կողմից ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլ է, որով մենք կմերժենք ուժի օգտագործումը կամ ուժի օգտագործման սպառնալիքը` որպես հակամարտությունների լուծման միջոց՝ համապատասխանեցնելով մեր խոսքերն ու գործողությունները:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին և համանախագահող պետությունների ղեկավարներին` իրենց ջանքերի համար, ինչպես նաև Վրաստանին` հայ գերիներին հայրենիք վերադարձնելուն վերջերս ցուցաբերած աջակցության համար»,- ասել է Հռիփսիմե Գրիգորյանը: