Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց, որ դեռևս մարտ ամսին բոլոր հիդրոօդերևութաբանական պայմանները նպաստավոր էին, որ տարին լիներ միջին ջրառատության: Սակայն մայիսի 3-րդ տասնօրյակից հանրապետությունում հաստատվեցին անոմալ շոգեր, տեղումների սակավություն, ինչով պայմանավորված փոխվեց պատկերը:
«Արդյունքում հունիս ամսվա ընթացքում գետերի մեծ մասում միջին ամսական ելքերը եղան նորմայի նկատմամբ 20-50 տոկոս: Օրինակ՝ Ազատ գետում ունեցանք նորմայի 20 տոկոսը, այսինքն՝ 5 անգամ պակաս, Հրազդանի ավազանում՝ նորմայից 2-2.5 անգամ պակաս»,- ասաց Ազիզյանը:
Նա տեղեկացրեց, որ ջրամբարների լցվածության առումով ևս պատկերը գոհացնող չէ նախորդ տարվա համեմատությամբ:
«5 խոշոր ջրամբարներում այսօրվա դրությամբ մոտ 210 միլիոն խմ-ով պակաս ջուր կա նախորդ տարվա համեմատությամբ»,- ասաց Ազիզյանը: