Ինֆորմատիկայի միջազգային 33-րդ օլիմպիադայից միանգամից 3 մեդալ՝ 1 արծաթ, 2 բրոնզ: Հայաստանի թիմն այս տարի ամենակարևոր այս մրցույթում հաջող է հանդես եկել: Այս անգամ օլիմպիադան Սինգապուրն էր կազմակերպել: Համավարակով պայմանավորված՝ կրկին առցանց ձևաչափով: Մրցույթին 88 երկրի 355 դպրոցական է մասնակցել, 4-ը՝ Հայաստանից:
Արմեն Անդրեասյան (Ինֆորմատիկայի հանրապետական հանձնաժողովի նախագահ) - Լավ ուժեղ թիմ ունեինք, շատ պատրաստված:
Օլիմպիադայում Հայասատանը ներկայացրել են «Քվանտ» ու ֆիզմաթ դպրոցների աշակերտները: Մինչ մրցույթը ինտենսիվ պարապմունքներ են ունեցել: Այս մրցաշարում մեդալ նվաճելը հեշտ չէ՝ ասում է թիմի ղեկավարը: Խնդիրները տարեցտարի բարդանում են, մրցակցությունը՝ ուժեղանում:
Արմեն Անդրեասյան - Ընդհանուր՝ գոհ եմ արդյունքներից: Շատ բարդ է լինում, խնդիրները դպրոցական ծրագրից շատ հեռու են, կան բաներ, որ նույնիսկ համալսարանում չեն անցնում:
Օլիմպիադան երկու մրցութային օրով է անցկացվել, յուրաքանչյուր օր 3 խնդիր են մասնակիցները լուծել: Դրա համար 5 ժամ են ունեցել:
Ալեքսանդր Աբելյան («Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ, արծաթե մեդալակիր) - Մեդալները դեռ չեմ ստացել, սպասում են գան:
Ալեքսանդրը այս օլիմպիադայի արծաթե մեդալակիր է, իր տարիքային խմբում մեդալների առումով ռեկորդներ է սահմանել, մասնակցել է բոլոր մրցաշարարեին ու գրեթե միշտ մեդալներով վերադարձել:
Ալեքսանդր Աբելյան - Ունեմ 4 ոսկի մեդալ, 5 արծաթ և 6 բրոնզ տարբեր օլիմպիադաներից
Մինչև վերջին ձեռքբերած մեդալները տեղ կհասնեն, հասցրել է առանց քննությունների, ստացած մեդալների շնորհիվ անվճար ընդունել ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Արային էլ մյուս տարի դպրոցը կավարտի: Ապագա ծրագրավորողը եվրոպական բուհ է ընտրել:
Արայի Խալաթյան («Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան) - Շատ հնարավորություններ է տալիս՝ տարբեր համալսարաններիչ կամ բանակի հետ կապված. դա էլ է մոտիվացնում:
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային Հայաստանը 31-րդ անգամ է մասնակցում, այս տարիների հաղթանակի շնորհիվ մերոնք, ընդհանուր հաշվով, այս մրցաշարում 35 մեդալ են նվաճել: