«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում խոսել է Սևանա լճի ծաղկման խնդիրներից: Նրա խոսքով՝ կենտրոնի վերջին դիտարկումների համաձայն՝ Սևանա լճում սկսվել է ծաղկման պրոցեսը, բայց ոչ այն ինտենսիվությամբ, ինչ ակնկալվում էր:
«Ծաղկման պրոցեսները սովորաբար իրենց ինտենսիվությունն ունենում են հուլիս ամսվա երկրորդ տասնօրյակից սկսած և ավարտվում են օգոստոսի առաջին տասնօրյակում: 2018 թվականի ինտենսիվ ծաղկման համեմատ այս տարի, հաշվի առնելով, որ սնուցող նյութերի պարունակությունը չունի այն շատ բարձր կոնցենտրացիաները, այս տարի կունենանք ավելի թույլ ինտենսիվությամբ ծաղկում: Մինչդեռ 2020 թվականի համեմատությամբ կլինի ծաղկման նույն ինտենսիվությունը»,- ասաց Շահնազարյանը:
Շահնազարյանը տեղեկացրեց, որ ծաղկման օջախները Սևանա լճում միայն հատվածական են: