Ամբողջ ձմեռ խոտը թանկ-թանկ առանք, անասունին կերակրեցինք: Նոր էին լավ, խոշոր անասուններ դարձել, ասում է մի քանի օր առաջ երկու կով կորցրած տիկին Էլմիրան: Գերարքունիքի Վանևան համայնքի բնակիչ է տիկին Էլմիրան: Հունիսի 22-ից Գեղարքունիքի Վանևան ու Տորֆավան համայնքներում անասունների անկում է սկսվել: Միայն Վանևանում՝ 20 խոշոր և 4 մանր եղջերավոր անասուն: Սիբիրախտ է, հաստատվել է, բայց պատվաստումները դեռ մարտին էին արվել, ասում է Վանևանի համայնքապետը, գյուղացիներն էլ հաստատում են:
Էլմիրա Յակուբյան (Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի բնակիչ) - Մեր բժիշկ Լյովան միշտ պարտաճանաչ, մենք չենք կարա զրպարտություն անել, որ էդ մարդը չի եկել պատվաստել: Ուղղակի թե ինչ ցավ եկավ էս անասունների մեջ, ու տենց սաղ սատկոտեցին:
Սիբիրախտը հաստատվել է արդեն այն ժամանակ, երբ երկու համայնքում էլ մարդիկ են սիբիրյան խոցով վարակված եղել: Ի՜նչ իմանային, որ սիբիրախտ է, ասում է համայնքի ղեկավարը՝ վարակված անասունի միս կերած-վարակված մարդկանց մասին խոսելիս:
Իգոր Հարությունյան (Վանևան համայնքի ղեկավար) - Դե, մտածում էինք անասուն ա, թունավորվել ա:
Վերջին մեկ օրվա ընթացքում անասունների անկման դեպք չի գրանցվել: Կարծես թե պրոցեսը դադարում է, ասում է Վանևանի համայնքապետը: Բակային համայցերը շարունակվում են, իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ, հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատարը:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար) - Մեր խիստ հսկողության ու բարձր ուշադրության ներքո կգտնվեն ամբողջ համայնքը և շրջակայքը: Արվել են նաև փորձանմուշներ հողից, և ինչ որ անհրաժեշտ է՝ այս ընթացքում էլ արվում է:
Սիբիրախտի հաստատումից հետո Գեղարքունիքում անկած անասունների համար փոս են փորում, այրում:
Իգոր Հարությունյան - Վառել ենք, փոս ենք փորել, պակրիշկեքով-բանով սարքել ենք համարյա փոշի:
Հիվանդության տարածման պատճառն առողջապահության նախարարությունը դեռ պաշտոնապես չի հայտարարել: Մինչև փորձագետների պատասխանները կլինեն, Վանևանի համայնքապետը ճահիճների վրա է կասկածում: Ասում է՝ անասունները ճահճոտ հատվածում են արածել:
Իսկ բուժքույրերն ու բժիշկները շարունակում են տուն առ տուն այցելել, ստուգել, հո այլ անձանց մոտ էլ չկա՞ն սիբիրյան խոցի նշաններ:
Սաթենիկ Պետրոսյան (Վանևան համայնքի բուժկետի բուժքույր) - Հիմնականում այն անձանց տուն են այցելում, ով անասուն ունի, հիմնականում ջերմություն ենք չափում:
Նոր դեպքեր չկան: Հաստատված երեք դեպքից երկուսը միջին ծանրության են, մեկը՝ թեթև: