Գեղաշենի միջնակարգ դպրոցի աղջիկները 12 օր ապրում են զինվորական կարգուկանոնով:
Մերի Բադալյան - Ոչ թե դժվար է, այլ հետաքրքիր: Այս ընթացքում սովորել ենք գրեթե ամեն ինչ, կարողացել ենք ճիշտ կրակել, շարային անել, նաև անվտանգ կենսագործունեություն:
«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառում են ռազմական ճամբարում: Իրինան այստեղ որոշեց՝ հետախույզ է դառնալու:
Իրինա Թարոյան - Ավելի հետաքրքիր է, քան մենք պատկերացնում էինք:
Փորձնական ծրագրի շնորհիվ Հայաստանի տարբեր դպրոցների 100 աշակերտ ծանոթացել է ռազմարվեստի պատմությանը, առաջին բուժօգնության, մարտավարության հմտություններին:
Արկադի Պետրոսյան, Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի տնօրեն - Հաստատված օրակարգով առավոտյան ժամը 7:00-ին վերկաց ու այդպես զինվորական առօրյայով շարունակվում է, 9.30-ից սկսում են իրենց դասերը, մինչև ժամը 14:00-ն:
Բացօթյա դասին գոյատևման հիմունքներ ու անվտանգ կենսագործունեություն են ուսումնասիրում:
Ներսես Ասատրյան, անվտանգության հրահանգիչ - Տվյալ պահին ուսումնասիրում ենք հանգույցները, որոնք օգտագործվում են լեռնագնացության ժամանակ:
Դժվարանցանելի բարձրություններն ինչպես ապահով հաղթահարել՝ ճամբարի մասնակիցները լավ են սերտել:
Ռազմիկ Սարգսյան - Եթե մենք այսպես ծալենք ու պարանը մտցնենք, կստացվի ութնակապը: Սա լեռնագնացության, գետեր անցնելու, արգելքներ անցնելու համար է:
Հոգեբանական ու շարային պատրաստությունից բացի ճամբարի մասնակիցներն անցնում են նաև կրակային պատրաստություն:
Ավետիս Մեսրոպյան, փոխգնդապետ - Այս ավտոմատը կոչվում է Կալաշնիկով ծալովի ավտոմատ: Ավտոմատն ուսումնական է, 2 կգ 800 գրամ է:
ՆԶՊ-ի դասաժամին կրակել են, դաշտային պայմաններում առաջին անգամ է:
Նարեկ Բաբայան - Դաշտային պայմաններում կրակելն ավելի հաճելի է, գնալով բարձրացնում ենք մեր մակարդակը:
Մինչև կրակելն անվտանգության պահպանման դասընթացներ են անցել: Աշակերտների ցույց տված արդյունքից զինղեկը գոհ է:
Սերգեյ Գասպարյան, Երևանի Ա. Իսահակյանի անվան 16 ավագ դպրոցի զինղեկ - Հիմա ավելի մոտ են մարտական իրավիճակին, արդեն երկրորդ անգամ է՝ բավական բարձր ցուցանիշներ են արձանագրել:
Մինչև տղաներն իրենց հաջողություններից են պատմում, Էրիկը նոր ռեկորդ է գրանցում: Թիրախը խոցելու կարողությունը որոշել է հանուն հայրենիքի ծառայեցնել: Հարցին, թե ինչ կուզի դառնալ, պատասխանում է.
Էրիկ Խաչատրյան - Երևի դիպուկահար:
Միաժամանակ մեկ այլ խումբ ուսումնասիրում է քարտեզագրություն:
Արամ Մեհրաբյան - Կոնկրետ այս առարկայի ժամանակ անցել ենք, թե ինչպես կողմնացույցով և բնության միջոցով որոշել հյուսիս-հարավը:
Մամիկոն Կալոյան, գնդապետ, Արամ Մանուկյանի անվան մարզառազմական դպրոցի ուսուցիչ - Եթե մենք ունենք ինչ-որ մի օբյեկտի դիրեկցիոն անկյունը, կարող ենք հեռավորությունն էլ չափել և գտնել իր կետը, կամ մեր գտնվելու վայրը կամ հակառակորդի գտնվելու վայրը:
Ճամբարը ՀՀ զինված ուժերի գումարտակի կառուցվածք ունի, ներառում է երեք վաշտ, յուրաքանչյուրում՝ երեք դասակ, դասակներում՝ տասը կամ տասներկու աշակերտ:
Վարազդատ Բալիկյան, գնդապետ - Աջ թևի վրա գտնվում է մեր շտաբը, որտեղ հրամանատարի՝ ծրագրի ղեկավարի կողմից ստանում ենք ցուցումներ, առաջադրանքներ:
Իրենց համար անվտանգության ու հարմարավետության պայմաններ են ստեղծել, տաք ջուր ունեն: Քնում են վրաններում՝ քնապարկերում, որոնք մինչև -25 աստիճանի համար են նախատեսված:
Վարազդատ Բալիկյան - Մանուկ հասակից պետք է երեխաները տիրապետեն այս ամենին, որովհետև մեր ապագան են: Եթե չտիրապետեն, չեն կարող սահմանները պահել, մեր երկրի համար պիտանի չեն կարող լինել:
Ճամբարում փորձնական ծրագրի հաջողությունների մասին խոսում են բոլորը: Հուսով են՝ հաջորդ տարվանից այն պարտադիր կդառնա հանրակրթական դպրոցների 11-րդ դասարանցիների համար: Տղաները ծառայության կմեկնեն՝ ռազմական գործին լավատեղյակ: