Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմը չի օգտվի. հայտարարում է Արցախի պետական նախարարն ու խոսում ճանապարհների անվտանգության մակարդակի բարձրացման և վերահսկողության ուժեղացման մասին:
Արտակ Բեգլարյան (Արցախի պետական նախարար) - Ադրբեջանական կողմից որոշակի լկտի վարք լինում է, այդ թվում` ճանապարհներով անցնելիս: Նշեմ, որ այս մասով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով՝ մի քանի ամսվա ընթացքում, ադրբեջանական կողմը այլևս չի օգտվելու: Այս մասով էլ լրացուցիչ աշխատանքներ տանում ենք, նաև աշխատանքներ են տարվում այդ ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, նաև գիշերային լուսավորության հարցերն են լուծվում, լրացուցիչ վերահսկողությունն է ուժեղացվում և այլն:
ԱՐՑԱԽՈՒՄ ԱՐՏԱԳԱՂԹԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՔԱՅԼԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎՈՒՄ
Այս պահին անվտանգության խնդիրը առաջնային համարելով՝ Բեգլարյանը ընդգծում է՝ խաղաղապահներն ու պաշտպանության բանակը կանխարգելիչ լուրջ աշխատանք են տանում: Դիվանագիտական հարթությունում ևս քայլեր են ձեռնարկվում: Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող հայտնվել, ասում է և շեշտում՝ ինքնորոշման իրավունքի համար պայքարը նոր փուլ է մտել:
Արտակ Բեգլարյան - Փաստարկների առումով ինքնորոշման իրավունքը ընկալելի է միջազգային հանրությանը, որովհետև հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներից երկուսն արդեն ժամանակավրեպ են:
Ըստ պետնախարարի՝ քայլեր են ձեռնարկում Արցախում արտագաղթը կանխելու համար: Այս առումով անվտանգությունից բացի կարևոր է նաև բնակարանային խնդրի լուծումը. առաջիկայում կստեղծվի առանձին լիազոր մարմին:
Արտակ Բեգլարյան - Մենք հինգ տարվա ընթացքում նախատեսում ենք բոլորին ապահովել բնակարաններով, այս պահին կառավարության առաջնահերթություններից մեկը տեղահանվածների բնակարանների խնդիրները լուծելն է:
Խոսելով Արցախի ներքաղաքական իրավիճակի և վերջին շրջանի ցույցերի մասին՝ պետնախարարը պնդում է՝ նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց մինչև այդ և հատկապես հրաժարականից հետո պետք է վստահ լինի, որ Արցախը պատրաստ է նոր ընտրությունների: