Սյունիքի մարզի համայնքներում և սահմանամերձ տարբեր բնակավայրերում յուրաքանչյուր տասն օրը մեկ տեղի է ունենում միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Այն ղեկավարում է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: Քննարկում են մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները, օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող քայլերը: Այսօր տեղի ունեցած նիստին ուժային կառույցի ներկայացուցիչները, փոխնախարարները, Սյունիքի պատգամավորներն ու մարզպետը քննարկել են 26 հարց, այդ թվում՝ Կապանում խմելու և ոռոգման ջրի հարցերի լուծումը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման հնարավորությունը:
Ռոբերտ Ղուկասյան (վարչապետի խորհրդական) - Կարևոր է, որ գյուղացին սկսի գյուղատնտեսությունը դիտարկել որպես բիզնեսի զարգացման հնարավորություն և հիմնական իր եկամուտները ապահովի հենց այգեգործությամբ: Բնակչությունը կարող է պայմանագրեր կնքել և կկարողանա արդեն սպառել գյուղմթերքը:
Պատերազմի ընթացքում Շուռնուխում անտուն մնացած ընտանիքների համար պետությունը կառուցում է նոր թաղամաս՝ նոր բնակարաններով, յուրաքանչյուրը՝ 170 քմ մակերեսով՝ 55 մլն դրամ արժողությամբ: Կառուցվող նոր թաղամասը կլինի Սյունիքի ճարտարապետական ավանդույթներին համապատասխան, միագույն թեք տանիքներով: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով՝ կօգտագործեն տեղական շինանյութ, որի արդյունքում կստանան Սյունիքի ավանդական շարվածքները:
Նունե Պետրոսյան (Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ) - Տների հիմքերը լիովին իրականացված են, առաջին մի քանի տան ցոգոլային հարկերը արդեն պատրաստ են: Միջինը 5 հոգանոց ընտանիքի համար նախատեսված տները բաղկացած են 3 սենյակից, խոհանոցից, միջանցքից, երկու տնտեսական սենյակից, մեկ պատշգամբից:
Տունը կորցրած շուռնուխցի Ռոբերտ Աթաբեկյանը նոր թաղամասի ապագա բնակիչներից է լինելու:
Աթաբեկյան Ռոբերտ (Շուռնուխ գյուղի բնակիչ) - Կրիշ լինի, ինչ ուզում ա լինի, հիմա սա ուրիշի տուն ա: Ես ուրիշի տեղը չեմ կարող երաշխավորել, բայց ես գոհ եմ, եթե տուն լինի՝ ես կապրեմ, ո՛ւր պիտի գնամ:
Շուռնուխցիները ոգևորված են նոր թաղամասի կառուցմամբ, ասում են՝ լավ պայմանները կխթանեն ընտանիքները համալրելու համար:
Արկադի Բեգլարյան (Շուռնուխ գյուղի բնակիչ) - Մարդիկ կավելանան, կշատանան, ավելի կբարելավվի, Արցախից կարող ա գան, ապրեն ստեղ, մենք էլ իրենց հետ խնամիներ կդառնանք:
Շուռնուխի նոր թաղամասում կլինեն սառնարանային տնտեսություն, պահեստներ, ջերմատներ, խելացի անասնագոմ, առևտրի սրահ, մանկապարտեզ և հանգստի գոտի:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը հույս հայտնեց, որ տարվա ավարտին բնակիչները բնակարանամուտ կնշեն:
Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան