Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է գյուտերի ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված գույքային և անձնական հարաբերությունները։
«Նոր օրենքի ընդունմամբ Հայաստանը դառնում է աշխարհում երկրորդ երկիրը ԱՄՆ-ից հետո, որն իրականացնում է համակարգչային ծրագրերի արտոնագրում։ Համակարգչային ծրագրերի հուսալի պաշտպանությունը բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանում ստարտափների, նորարար հեղինակների համար մտավոր արժեքներ ստեղծելու և դրանք Հայաստանում արտոնագրելու համար։ Արված փոփոխությունները և Հայաստանում արտոնագրման գործընթացի կազմակերպման արագությունն ու հեշտությունը նախադրյալներ կստեղծեն տարածաշրջանում Հայաստանի ավելի բարենպաստ դիրքավորման և երկրում նորարարության ու կայուն տեխնոլոգիական զարգացման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համար»,- նշեց ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գործակալության պետի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը։
ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, քանի որ կայուն զարգացած տնտեսության կայացման նախադրյալներից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաներն ու նորարարություններն են։ Դեռևս 2019 թ. բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը հռչակել է ռազմավարական ուղղություն․ կայուն և ներառական տնտեսական աճի խթանման նպատակով Կառավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում հստակ գործողություններով բարենպաստ պայմաններ է ստեղծում բարձր տեխնոլոգիաների ոլորտում տեղական և օտարերկրյա ներդրումների համար, նպաստում նորարարական ստարտափ էկոհամակարգերի ակտիվ ներդրմանը։
Վերոնշյալ ուղղությունների կատարելագործման գործում մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համապարփակ և ժամանակակից օրենսդրական բարեփոխումների մշակման գործում Հայաստանի Կառավարությանը իրենց փորձով և գիտելիքով աջակցում են սփյուռքի ոլորտի լավագույն փորձագետները։
Դեռևս 2018 թ. նոյեմբերին ԱՄՆ հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) կողմից ձևավորվել է ՄՍ/ՏՏ կոմիտե, որի նպատակն է դյուրացնել առաջարկությունների և լուծումների մշակման գործընթացը ոլորտում օրենսդրական թերությունները վերացնելու համար: Աշխատանքային խումբը կազմված էր սփյուռքի և Հայաստանի ոլորտի լավագույն փորձագետներից, իրավաբաններից, պետական և մասնավոր հատվածի, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներից, Ազգային ժողովի պատգամավորներից։ Աշխատանքային խմբի կողմից «Արտոնագրերի մասին» օրենքում արված փոփոխությունների և առաջարկների շուրջ իրականացված համատեղ աշխատանքների արդյունքում այսօր արդեն հնարավոր է Հայաստանում իրականացնել համակարգչային ծրագրերի արտոնագրումը։
Արտոնագրերին դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ Մտավոր Սեփականության գործակալության պաշտոնական կայքէջում
«Արտոնագրերի մասին» ՀՀ օրենք