Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացրել, ինչն էլ այսօր քննվեց Բարձրագույն դատական խորհրդում: Վարդազարյանի ներկայացրած եկամուտների հայտարարագրում Կոռուպցիայի հանձնաժողովն անհամաձայնություն է նկատել:
Հայկուհի Հարությունյան, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ - Ռուբեն Վարդազարյանի կողմից առաջադրված հարցերին, ըստ էության, պատասխան չի տրամադրվել: Ակնկալվել է, որ հանձնաժողովի հարցերին, որոնք վերաբերել են կոնկրետ անձի, գույքի, եկամուտների հայտարարագրում առկա տվյալների առկա անհամապատասխանությանը, կներկայացվեն պարզաբանումներ, պարոն Վարդազարյանի կողմից հստակ նշվել է, որ որևէ հարցի չի պատասխանելու:
Այս պահին լիազորությունները կասեցված ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարանը նիստին չէր ներկայացել՝ առաջարկելով նիստն անցկանցել իր բացակայությամբ, իսկ հարցերի դեպքում գրավոր կպատասխանի: Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ-ին գրավոր ներկայացրել էր նաև առարկությունները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդության վերաբերյալ: Դրանիցից մեկի համաձայն՝ հանձնաժողովը խախտել է հայտարարագրի վերլուծության համար նախատեսված եռամսյա ժամկետը: Հայկուհի Հարությունանը համակարծիք չէ:
Հայկուհի Հարությունյան - Հանձնաժողովն իր գործողությունների տեսանկյունից նման խախտում թույլ չի տվել: Ըստ էության՝ վերլուծությունը, որպես այդ տվյալների մաթեմատիկական համադրման և հատուկ բանաձևով իրականցվող գործընթաց, չի կարող նույնականացվել դրա արդյունքում կազված փաստաթղթի հիման վրա անձի հետ իրականացվող վարչարարության հետ և դա որակել որպես խախտում: Վերլուծությունը ժամկետներում հանձնաժողովն ավարտել է, արդյունքները մինչ օրս շարունակվում են, սա չի նշանակում, թե հիմա տեղի է ունենում խախտում:
Ռուբեն Վարդազարյանի հայտարարագրում հայտնաբերված խնդիրներին Հայկուհի Հարությունյանը չի շտապում որակում տալ՝ հիշեցնելով, որ Վարդազարյանը դեռևս պարզաբանումներ չի ներկայացրել: Սակայն նկատում է, որ մոտ 14 անճշտութուն կա:
Հայկուհի Հարությունյան - Հանձնաժողովի կողմից ստացված բանկային քաղվածքի տվյալներով՝ առնվազն 3 տարի անձի մոտ նույն տեսակի գումար է մուտքագրվել, որի հիմքերն առնվազն օրինականության տեսանկյունից անհայտ են եղել, այսինքն՝ ով է եղել փոխանցող սուբյեկտը, ինչ նպատակով և այլն: Այդ գումարը, ցավոք, նաև կոնկրետ անձի փաստաթղթում նշված չի եղել: Սա մի օրինակ է, սակայն հանձնաժողովը նման 13-14 փաստ է արձանագրել՝ որպես անհամաձայնություն:
Բարձրագուն դատական խորհուրդը նիստը հետաձգեց մինչև հուլիս 12-ը՝ հնարավորություն տալով Ռուբեն Վարդազարյանին ծանոթանալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած հիմնավորումներին: Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ կողմից ընտրվել է խորհրդի նախագահ 2019-ի հուլիսի 19-ին, սակայն այս տարվա ապրիլին նրա լիազորությունները կասեցվեցին, քանի որ նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար: