Թե ի՞նչ վիճակում է Կոմիտասի պողոտան առավոտյան և երեկոյան, գիտի գրեթե յուրաքանչյուր երևանցի: Գերբեռնված պողոտան թեթևացնելու համար քաղաքապետարանն ու Արբակիր վարչական շրջանը մեծածավալ ծրագիր են մշակել: Ճանապարհաշինական այս նախագծով Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները կկապվեն իրար: Մոտավոր հաշվարկներով՝ Կոմիտասի պողոտայի ծանրաբեռնվածությունը 30 տոկոսով կթեթևանա:
Արամ Դանիելյան, Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար - Շուրջ 270 մետր նոր ճանապարհ է կառուցվելու, որն ունենալու է իր մայթային գոտին, իր լուսավորության ցանցը, ջրահեռացման ցանցը, և դրա շնորհիվ մենք ունենալու ենք Արամ Խաչատրյան-Մամիկոնյանց փողոցներով Կոմիտաս փողոցին զուգահեռ նոր՝ խոշոր փողոց:
Նոր նախագիծը կթեթևացնի Կոմիտասը, կծանարբեռնի Արամ Խաչատրյանը. քաղաքացիների մտահոգությունն է, նման դիմումներ վարչական շրջանի աշխատակազմն ստացել է, խնդրի լուծումն էլ դեռ տեսականորեն, բայց գտել:
Արամ Դանիելյան - Հետագայում, հույս ունենք, Հրաչյա Քոչար և Արամ Խաչատրյան-Մամիկոնյանց փողոցները իրար հակառակ միակողմանի ուղևորահոսքեր ապահովելու դեպքում նաև կունենանք որոշակի արագություն:
Նոր ճանապարհը կարժենա մոտ 200 մլն դրամ: Դեռ նախորդ տարևերջին կառավարությունն այդ 2 փողոցի մեջտեղում գտնվող շինությունները հանրության գերակա շահ ճանաչեց. քաղաքացիներին փոխհատուցելու համար քաղաքապետարանը 300 մլն դրամից ավելի գումար կհատկացնի:
Շողիկ Երանյան, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն - Օտարվել է գույքերի մի մասը, կնքվել են փոխադարձ համաձայնությամբ պայմանագրեր: Ի դեպ՝ նշեմ, որ օտարման գործընթացն իրականացվում է հանրության գերակա շահի ապահովման նպատակով՝ սեփականության օտարման մասին օրենքով և փոխհատուցում է տրվում լիցենզավորման կազմակերպության կողմից. գնահատված շուկայական արժեք՝ գումարած 15 տոկոսը:
Մոտ 25 գույք էլ, որոնց գերակշիռ մասն ավտոտնակներ են, ապօրինի են կառուցված, ինչը նշանակում է, որ փոխհատուցում չի լինի, գույքն էլ կապամոնտաժվի: Կան նաև սեփականություններ, որոնց հարցում խնդիր է առաջացել՝ սեփականատերը համաձայն չէ սահմանված փոխհատուցման չափի հետ:
Շողիկ Երանյան - Եթե, այդուհանդերձ, փոխադարձ համաձայնության չգանք, օրենքը պարտադրում է, որպեսզի ձեռք բերողը, տվյալ պարագայում Երևան համայնքը, դիմի դատարան: Դատարանում, իհարկե, քննարկվելու է գույքի փոխհատուցման արժեքի չափը:
Օրենքը թույլ է տալիս, որ սեփականատերն ինքնուրույն՝ լիցենզավորված ընկերության միջոցով գնահատի գույքը և եթե գնահատված արժեքների մեջ տարբերություն լինի, իրենք կքննարկեն հարցը: Արաբկիր վարչական շրջանում ժամկետների առումով 2 սցենար ունեն:
Արամ Դանիելյան - Առաջին սցենարն այն է, որ համայնք-քաղաքացիներ պայմանագրային իրավունքներով՝ բանակցային փուլով ենք ավարտում այս ամենը, դա նախատեսում ենք ավարտել 1-1.5 ամսվա ընթացքում: Անմիջապես դրանից հետո շինարարության մրցույթ կդրվի, և աշնանը կունենանք շինարարության մեկնարկը: Առնվազն մյուս տարվա գարնանը կունենանք այդ ճանապարհը: Իսկ եթե խանգարող հանգամանք լինի՝ դատական պրոցեդուրայով, դա կախված է արդեն դատարաններում տևող գործընթացների երկարությունից:
Մոտ կես միլիարդ դրամ արժողությամբ ծրագիրը դեռևս միայն էսքիզների վրա է, բայց պատասխանատուները վստահեցնում են՝ Կոմիտասի պողոտայի երկար խցանումների խնդիրը լուծելու հարցում իրենք վճռական են տրամադրված: