Հունիսի 29-ին Լոռիում տեղացած կարկուտի հետքերը մինչև հիմա պահպանվել են: Ուժգին քամու ու կարկուտի հետևանքով վնասվել են մի շարք համայքների ցանքատարածություններ, պտղատու այգիներ: Ահազանգեր կան Սպիտակ, Բազում, Քարաձոր, Նոր Խաչակապ, Շիրակամուտ համայնքներից:
Գյուղացիների խոսքով՝ 20 րոպե անընդմեջ տեղացած կարկուտը մինչև 80 տոկոսի վնաս է հացրել: Բերքի մի մասը, ճիշտ է, դեռ ծառերի վրա է, բայց դրանք ևս վնասված են, ասում են՝ օգուտ չեն ունենա: Խնձորենիները, ընկուզենիները, կարտոֆիլի, լոբու ու այլ ցանքատարածություններ… ամեն ինչ հավասարվել է զրոյի:
Բազում համայնքում վնասվել են նաև ավտոմեքենաներ ու տանիքներ: Սպիտակում տուժել են հիմնականում ջերմոցային տնտեսությունները. Պողոսյանների ընտանիքը վարդեր է աճեցնում ապակեպատ ջերմոցներում, ասում են՝ կարկուտի հետևանքով շուրջ 200 մետր ապակի է ջարդվել:
Համայնքներում ձևավորված հանձնաժողովները 2 օրվա ընթացքում կպարզեն, թե որքան վնաս են կրել, դրան էլ կհաջորդի վնասի գնահատում՝ մարզպետարանի կողմից: 10-12 օր կպահանջվի վերջնական պատկեր ունենալու համար:
Փոխհատուցման գործընթացի կազմակերպումը հնարավոր կլինի նաև գյուղապահովագրության միջոցով իրականացնել, պիտի սպասեն ակտերի կազմմանն ու վերջնական գնահատմանը: