Սևանի ծաղկման գործընթացը սկսվել է: Մասնագետների խոսքով՝ սա բնական երևույթ է, որը սկսվել է անցյալ դարի 40-ականներից։ Կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճ գրանցվեց 2018 թվականին, ինչի հետևանքով լիճն ամբողջությամբ կանաչել էր: Հիդրոկենսաբան Հերբերտ Վարդանյանի խոսքով՝ տասնյակ բնակավայրերի կեղտաջրեր լցվում են Սևան, ինչը բերում է նման իրավիճակի:
Հերբերտ Վարդանյան (հիդրոկենսաբան) - Սևանի ափամերձ հատվածներում գտնվող սպասարկման և ժամանցի վայրերից կեղտաջրերի մուտքը նորից Սևան, անասնապահական և գյուղատնտեսական հոսքաջրերի մուտքը Սևան:
Լճի ծաղկմանը մեծապես նպաստում են նաև կլիմայական փոփոխությունները՝ ջերմաստիճանի բարձրացումը, նշում է Վարդանյանը:
Հերբերտ Վարդանյան - Ափամերձ հատվածների կեղտաջրերի հավաքումը, մաքրումը, անհրաժեշտ կոյուղացանցերի կառուցումը և, ամենակարևորը՝ ջրի մակարդակի բարձրացումը:
Վերջին տարիներին ջրի մակարդակը բարձրացել է՝ հասնելով 1901 մետր նիշի: Առաջիկայում մեխանիկական կայաններին կից նախատեսվում է կառուցել նաև կենսաբանական մաքրման կայաններ, որոնք, ըստ Աբելյանի՝ մեծապես կնպաստեն ջրի մաքրմանը:
Արման Աբելյան («Սևան» ազգային պարկի տնօրեն) - Մաքրման կայաններ պետք է կառուցվեն նաև լճի ափամերձ տարածքում գործող սպասարկման և տնտեսվարող բոլոր օբյեկտներում: Ներկայումս ունենք 21 կենսաբանական մաքրման կայաններ՝ 14 տնտեսվարողների կողմից:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի մասնագետները մի քանի օր առաջ են վերադարձել Սևանից: Կատարել են ուսումնասիրություն, ինչպես նաև հետազոտության համար նմուշներ են վերցրել:
Գայանե Շահնազարյան («Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն) - Պատկերը նույնն է, ինչ որ անցյալ տարի հունիսին է եղել, չնայած որ այս տարի ավելի վաղ սկսվեց եղանակի տաքացումը, եղանակն ավելի բարենպաստ էր, բայց պրոցեսները նույնն են, թափանցիկությունը քիչ է՝ մինչև 3 մետր:
Նման ցածր ցուցանիշը հնարավորություն չի տալիս, որ լիճը մինչև վերջ մաքրվի, այնուամենայնիվ ջրի ամբողջական վերականգնման համար կպահանջվի մոտ 20 տարի՝ նշում է Գայանե Շահնազարյանը: Բնական վիճակին վերադառնալու համար կա ևս մեկ նախապայման:
Գայանե Շահնազարյան - Մեծ քանակությամբ բաց է թողնվում իշխանի մանրաձուկ, որի նպատակն է Սևանում ձկնային պաշարների ավելացումը, նպաստել կենսածին տարրերի դուրսհանումը Սևանից:
Այս տարվա հունիսին 17 հազար իշխանի մանրաձուկ է բաց թողնվել լիճ:
Նորիկ Բադալյան («Սևան» ազգային պարկի գլխավոր ձկնաբան) - Այս տարի նախատեսվել է նաև Գեղարքունի տեսակի մանրաձուկ, որը պետք բաց թողնվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, մոտ 90 հազար:
Մասնագետների խոսքով՝ Սևանը տեսանելի կծաղկի հուլիսի կեսերին, հանգստացողներին խորհուրդ են տալիս լողալուց առաջ հետևել առողջապահության նախարարության ցուցումներին։
Էլեն Սարգսյան, Դավիթ Մաճկալյան, Էդգար Դավթյան