Ձեռքի մեկ հպումով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Ստամբուլի հյուսիսարևմտյան ծայրամասում սկիզբ դրեց Ստամբուլի ջրանցքի շինարարությանը: 15 մլրդ դոլար գնահատվող այդ ջրանցքը կապելու է Սև և Մարմարա ծովերը՝ դառնալով այլընտրանք Բոսֆորի նեղուցին: Անկարան ջրանցքի կառուցման անհրաժեշտության իր բացատրությունն ունի. պաշտոնական տարբերակն է՝ «Բոսֆորի ծանրաբեռնվածությունը թեթևացնել է պետք»:
Ռեջեփ Էրդողան (Թուրքիայի նախագահ) - Այսօր Թուրքիայի զարգացման պատմության մեջ մենք նոր էջ ենք բացում: Քանի որ մենք չենք կարող փակել նեղուցը ծովային երթևեկության համար, մեզ մոտ առաջացավ նոր ջրանցք կառուցելու գաղափար` երթևեկության ավելացման պահանջարկի բավարարման համար: Մենք Ստամբուլի ջրանցքը դիտարկում ենք որպես Ստամբուլի ապագան փրկելու նախագիծ:
Ստամբուլի ապագայի վրա ջրանցքի հնարավոր ազդեցության մասին տրամագծորեն հակառակ կարծիք ունեն բնապահպանական կազմակերպությունները: Նրանք ահազանգում են՝ Ստամբուլի ջրանցքի շինարարությունը կհանգեցնի խմելու ջրի որակյալ ակունքների կորստի: Բացի այդ, նրանց կարծիքով՝ վտանգավոր են նաև Մարմարա ծովի աղայնության մակարդակի հնարավոր փոփոխությունները:
Թուրքական կողմը ակնկալում է, որ նոր ջրանցքը հնարավորություն կտա մեծացնել բեռնափոխադրումների ծավալն ու ապահովել հավելյալ ֆինանսական հոսքեր:
Քիչ չեն նաև նախագծի քաղաքական հակառակորդները: Թուրք քաղաքագետներն ու զինվորականները զգուշացնում են՝ նոր ջրանցքը կարող է աշխարհաքաղաքական ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար, եթե Էրդողանը փորձի շրջանցել Բոսֆորի և Դարդանելի նեղուցների կարգավիճակը սահմանող Մոնտրյոյի կոնվենցիան:
1936 թ. ընդունված կոնվենցիան սահմանում է Սև ծովը Միջերկրականին կապող նեղուցներից օգտվելու կարգը՝ խաղաղության և պատերազմի ժամանակ: Ընդ որում, սևծովյան տարածաշրջանի և երրորդ երկրների համար կարգավորումները տարբեր են:
Արդյոք Ստամբուլի ջրանցքը կհանգեցնի՞ Մոնտրյոյի կոնվենցիայի վերանայման՝ կարծիքները տարբեր են: Թուրքիայի նախագահն արդեն հայտարարել է, որ «Ստամբուլի ջրանցքը ոչ մի կապ չունի Մոնտրյոյի կոնվենցիայի հետ», իսկ ռուսական կողմը նախազգուշացրել՝ կոնվենցիայի վերանայման ցանկացած փորձ համարում է անընդունելի:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Մոնտրյոյի կոնվենցիայի վերանայման ցանկացած փորձ կանդրադառնա նաև Ռուսաստանի շահերին: Մենք այդ կոնվենցիան դիտարկում ենք որպես Սև ծովի տարածաշրջանում կայունության և անվտանգության գլխավոր գործոն, հատկապես՝ ռազմական նավերի նավարկության հետ կապված:
Իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանի կարծիքով` Մոնտրյոյի կոնվենցիան պետք է մեկնաբանել ոչ թե ըստ տառի, այլ ըստ էության:
Ինչ վերաբերում է Էրդողանի կողմից Մոնտրյոյի կոնվենցիայի շրջանցման փորձերին, Սիմոնյանը կարծում է, որ Կոնվենցիայի մյուս անդամները հնարավորություն ունեն վիճարկելու Թուրքիայի գործողությունները միջազգային դատական ատյանում.
Տարոն Սիմոնյան - Քննադատությունների և շահերի բախման առարկա դարձած Էրդողանի հերթական մտահղացումը նախատեսվում է ավարտին հասցնել վեց տարվա ընթացքում: Չնայած նախագծի՝ արևելյան շքեղությամբ տրված մեկնարկին, միանշանակ է, որպեսզի այն իրականություն դառնա՝ թուրքական իշխանությունները ստիպված են հաղթահարել թե՛ ներքին, թե՛ արտաքին ուժերի դիմադրությունը:
Հովհաննես Յուքինյան, Դավիթ Մաճկալյան