ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Գեղարքունիքի մարզում արձանագրված սիբիրյան խոցի դեպքերին:
«Կանխարգելիչ միջոցառումներ իրականացվել են, իրականացվում են, մեր խիստ հսկողության և ուշադրության ներքո կգտնվի ամբողջ համայնքը»,- ասաց Ավանեսյանը: Նրա խոսքով՝ արդեն արվել են փորձանմուշներ: Առայժմ, սակայն, հայտնաբերված չէ վարակի աղբյուրը: «Այս պահին աղբյուրը հայտնի չէ: Հարցը ՍԱՊԾ-ին պետք է տաք»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքներում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ կատարվել է նմուշառում այդ համայնքների 7 բնակչից։ Նրանցից 3-ի մոտ հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը: Դրական դեպքերից 2-ը հիվանդ կենդանիների տերերից են, 1-ը` նրանց ազգականը: Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ թեթև։