Իրավապահ համակարգը կատարել է իր առջև դրված խնդիրը՝ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը խորհրդարանի արտահերթ ընտրություններում ապահովված է եղել. դատախազության ստեղծման 103-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը՝ արձանագրելով՝ առաջին անգամ է, որ ընտրությունները ծառայում են որպես ճգնաժամի հաղթահարման գործիք:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Եթե հիմա բացառությունները հանած նայենք մեր ընտրությունների պատմությունը և տեսնենք, թե ինչպիսի իրադրություն էր երկրում տիրում ընտրություններից առաջ և հետո՝ կտեսնենք, որ սովորաբար ընտրություններից հետո կրքերը բորբոքվում են և առաջին անգամ է, որ բորբոքված կրքերը հանդարտվում են ընտրությունների արդյունքում:
Դեռ նախընտրական շրջանում մտավախություն կար՝ կապված քարոզարշավի, քվեարկության, ձայների հաշվարկի ընթացքի անվտանգության հետ կապված: Բոլոր հարցերը լուծվել են ամենաբարձր մակարդակով, և այստեղ, ըստ Փաշինյանի, մեծ է դատաիրավական համակարգի և դատախազության դերը:
Նիկոլ Փաշինյան - Շատ ավելի բարդ իրավիճակում էինք, այո՛, հետպատերազմյան շրջանում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո, և պետք է արձանագրել, որ վերջին 7-8 ամիսներին մեր պետությունն անցել է աննախադեպ ցնցումների միջով: Մենք ունեցել ենք եզրային վիճակներ, որտեղ ընդհանրապես պետական ինստիտուտների ու պետության գոյության հարցն է դրվել կասկածի տակ, և այստեղ իրավակարգի ապահովման ուժերի և մարմինների դերակատարումը պիտի առանցքային լիներ՝ երաշխավորելու համար մեր իրավակարգը, մեր սահմանադրական կարգը, մեր պետականության լինելիությունը:
Նոյեմբերի իրադարձությունները, գործերի քննություններն ու բացահայտումները վարչապետի պաշտոնակատարն ամբողջական չի համարում, նշում է, որ այդ հարցում պետք է հետևողական լինել, քրեաիրավական ու քաղաքական խնդիրներին տալ համապատասխան գնահատական:
Նիկոլ Փաշինյան - Առաջիկայում շատ ավելի կարևոր և ծավալուն աշխատանք է սպասվում: Հանրությունն ու բոլորս, կարծում եմ, ունենք գիտակցում, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լրջորեն և մանրամասն քննության առարկա դառնան, որովհետև կան հարցեր, որոնց պատասխանը պիտի ստանա հանրությունը: Իհարկե առանձին թեմա է, թե որ հատվածն է, որ պետք է դատաիրավական համակարգի շրջանակներում քննվի, որ համակարգն է, որ հանձնաժողովային կամ օրենսդրությամբ նախատեսված այլ ֆորմատներով պիտի քննարկվի, բայց կարևոր է արձանագրել, որ 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքները և դրան հարակից այլ հանգամանքներ պիտի անպայման քննվեն այնտեղ, որտեղ կա քրեաիրավական գնահատականի խնդիր, պիտի տրվի քրեաիրավական գնահատական: Այնտեղ, որտեղ կա քաղաքական գնահատականի խնդիր, պիտի տրվի քաղաքական գնահատական, բայց հանրությունը և մենք բոլորս, կարծում եմ, զգում ենք այդ անհրաժեշտությունը, կարիքը և առաջիկայում դատախազությունն այս առումով բավականին մեծ աշխատանք ունի կատարելու:
2018 թ. ձևավորված իշխանությունը մերժեց դատաիրավական համակարգին թելադրելու քաղաքականությունը, ինչը նույնպես բերեց որոշակի ցնցումների: Փաշինյանը պարզաբանում է, որ նման զարգացման որևէ մեկը չէր պատրաստվել և որևէ մեկը չէր էլ սպասում:
Նիկոլ Փաշինյան - Ընդհանրապես հետահայց նայելով, հիմա, օրինակ, վերլուծություններ են հնչում, որոնք գոյության իրավունք ունեն, որ հարաբերությունների այդպիսի կտրուկ փոփոխություն պետք չէր իրականացնել, այլ պետք էր փորձել, այսպես ասած, աստիճանական դա անել: Բայց իմ համոզմունքը նա է, որ եթե վճռական քայլեր չեն արվում՝ դատաիրավական համակարգի ինստիտուցիոնալ կայացման ճանապարհին հընթացս իներցիան սկսում է ավելի ու ավելի մեծ տեմպերով գերակշռել ու արդյունքում ոչ մի փոփոխություն մենք չենք ունենում: Սակայն երեք տարվա այս գործընթացների արդյունքում մենք կարող ենք արձանագրել, որ ի վերջո շատ կարևոր հենք և բազա ենք ստեղծել դատաիրավական համակարգի իսկապես ինստիտուցիոնալ լիարժեք կայացման համար:
Իրավունք և արդարադատություն. վարչապետի պաշտոնակատարը ներկաների ուշադրությունն է հրավիրում նախընտրական ծրագրի առանցքային այս դրույթի վրա: Փաշինյանի խոսքով՝ իրենք պարտավոր են լուծել արմատացած խնդիրը, 3 տարվա ընթացքում համակարգային ու խորքային խնդիրներ են ախտորոշել, և դրանք ոչ միայն դատարաններում են, այլև նախաքննական մարմիններում ու դատախազությունում:
Նիկոլ Փաշինյան - Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացել ենք մանդատ՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու վերաբերյալ: Սա ի՞նչ է նշանակում. սա նշանակում է, որ պիտի կարողանանք հասնել մի իրադրության, երբ ՀՀ քաղաքացիների և ինստիտուտների փոխադարձ հարաբերությունները հենված և սահմանափակված լինեն օրենքներով ու իրավունքով, և մյուս կողմից այդ օրենքները լինեն կիրառելի, այդ օրենքները ծառայեն իրավունքին և այդ օրենքները լինեն մարդկանց համար, հանրության համար և ոչ թե հակառակը
Հանրության շրջանում տեղի են ունեցել անշրջելի փոփոխություններ, ինչի ապացույցն է արտահերթ ընտրությունը, դրա բովանդակությունն ու արդյունքը՝ նշում է Փաշինյանը: Եվ քանի որ երկրում ամենամեծ պահանջը եղել և մնում է արդարադատության լիարժեք կայացումը, օրենքի գերակայությունը, պատասխանատվության և պատժի անխուսափելիությունը, այս առումով դատախազությունն ունի առանցքային նշանակություն:
Նիկոլ Փաշինյան - Շատ կարևոր գործառույթ է նաև ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը, որը Հայաստանի Հանրապետությունում նոր սկսել է գործել: Այստեղ է, որ մենք նույնպես պիտի կարողանանք արդարության ճանապարհներով քայլել, որպեսզի, այսպես ասած, վրեժխնդրության տրամաբանություն չգործի, այլ գործի օրինականության տրամաբանություն և ի վերջո արդարությունը հաստատվի, վերականգնվի ու պետության, ժողովրդի, հանրության շահերը լիարժեք վերականգնվեն: Ի վերջո սա կլինի ինստիտուցիոնալ արձանագրումն այն բանի, որ ընդհանրապես կոռուպցիոն գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում չունի որևէ հեռանկար և Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիայի վերականգնման համար որևէ հիմք, նախադրյալ ու հնարավորություն չկա:
Իրավական համակարգի նկատմամբ հանրության վերաբերմունքի մեջ որոշակի փոփոխություն է նկատվում, դատախազությունը, իրավապահ համակարգը և դատարանները պետք է ընկալվեն որպես ինստիտուտներ, որոնք պաշտպանում են մարդուն, իրավունքը, պետությունը:
Նիկոլ Փաշինյան - Ինչպես իմ, այնպես էլ ձեր աշխատանքն անթերի չէ և սա ամենակարևոր արձանագրումն է բոլորիս համար, որպեսզի հետագա առաջընթացի համար ունենանք շարժառիթ և գիտակցում՝ արձանագրելով, որ մեզանից յուրաքանչյուրի անհատական ու ինստիտուցիոնալ աշխատանքի որակի շարունակական բարձրացումն այն առանցքային նպատակն է, որը միասին պետք է իրագործենք, այն առանցքային պարտավորությունն է, որն ունենք մեր ժողովրդի, մեր նահատակների առաջ: Նրանց առաջ ունեցած մեր ամենակարևոր պարտավորությունն ուժեղ, մրցունակ, արդար, հզոր, զարգացող պետություն ստեղծելն է: Եվ դատախազությունն այս ընթացքում պետությունը պաշտպանելու իր գործառույթը կատարել է և ես համոզված եմ, որ այդ գործառույթի կատարման որակի շարունակական բարձրացումը կարևորագույն խնդիր է, որի լուծումն անպայման տեղի կունենա մեր համատեղ աշխատանքի արդյունքում:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է՝ արդարացնելու են հանրության սպասումները: Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար վարչապետի պաշտոնակատարը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգևատրել երեք վարչության պետերի, ինչպես նաև
նախագահին է ներկայացրել միջնորդություն՝ գլխավոր դատախազի երեք տեղակալներին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու վերաբերյալ: