Ռուսաստանը ՀԱՊԿ-ի պարտավորությունների շրջանակներում Տաջիկստանին անհրաժեշտ օգնություն կցուցաբերի Աֆղանստանի տարածքից ահաբեկչական սպառնալիքների ուժեղանալու դեպքում՝ Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ Խորհրդարանական ասամբլեայի խորհրդի նիստից առաջ հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավարը: Վլադիմիր Շամանովը նաև տեղեկացրել է, որ Աֆղանստանի իրադրությունը կքննարկվի ՀԱՊԿ-ի Խորհրդարանական ասամբլեայի խորհրդի նիստում: Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավարի հավաստամամբ՝ Տաջիկստանը, սակայն, դեռ սուր անհանգստություն չի հայտնել:
*****
Ռուսաստանը կշարունակի օգնություն տրամադրել Բելառուսի եղբայրական ժողովրդին՝ հանրապետության վրա արտաքին ճնշման և այնտեղ իրավիճակը սասանելու համառ փորձերի պայմաններում` հայտարարել է Ռուսաստանի նախագահը: «Մենք կօգնենք մեր Բելառուս ընկերներին Եվրամիության կողմից վերջերս սահմանված պատժամիջոցային սահմանափակումներին հակազդելու գործում»,- հայտարարել է Պուտինը և հավելել, որ ԵՄ երկրներ բելառուսական որոշ ապրանքների մատակարարման արգելքը վնասում է բիզնեսի և մարդկանց շահերին:
*****
Չինաստանը հաջողությամբ հասել է բացարձակ աղքատության վերացման և միջին դասի հասարակության կառուցման հարյուրամյակի առաջին նպատակին: Այսօր՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության 100-ամյակի հանդիսավոր արարողության ժամանակ, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը: Չինաստանում բացարձակ աղքատության վերացման խնդիրը լուծելուց հետո Չինաստանը գնում է դեպի հարյուրամյակի երկրորդ նպատակին՝ վերածել Չինաստանն արդի սոցիալիստական պետության: Սի Ծինփինը վստահեցրել է նաև, որ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը դառնալու է աշխարհի ամենաուժեղ զինված ուժերից մեկը:
*****
Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի գլխավորությամբ տեղի է ունեցել Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպումը, որին մասնակցել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Հանդիպումը բաղկացած է երկու մասից՝ Լիբանանի ներկա իրավիճակի քննարկում ու երկրին աջակցելու թեմայով հրապարակային արարողություն: Գագաթնաժողովն սկսվել է քննարկումով, թե ինչպես կրոնը կարող է օգնել Լիբանանին՝ հաղթահարել 1990 թվականից ի վեր ամենամեծ ճգնաժամը: Հոգևոր առաջնորդները նախ աղոթք են հնչեցրել Սուրբ Պետրոսի բազիլիկի առջև, այնուհետև տեղափոխվել Վատիկանի Առաքելական պալատ, ուր մեկնարկել են քննարկումները: Պոնտիֆիկոսը Լիբանան այցելելու ցանկություն է հայտնել՝ նոր կառավարության ձևավորման շուրջ առկա ճգնաժամը հաղթահարելու գործում Լիբանանին օգնելու համար: Ավելի վաղ Վատիկանից հայտնել էին, որ պապի այցը Լիբանան կարող է տեղի ունենալ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Կաթոլիկ աշխարհի առաջնորդը մտահոգություն է հայտնել, որ Լիբանանում քրիստոնեական համայնքը թուլանում է և վտանգ կա, որ երկրի ներքին հավասարակշռությունը կկործանվի՝ վտանգելով քրիստոնյաների ներկայությունը Մերձավոր Արևելքում: