ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ հակահամաճարակային կանոնների թուլացման հեռանկարին:
«Վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում նոր շտամների ի հայտ գալը և դրանց ակտիվ տարածումը ՌԴ-ում, նաև՝ Վրաստանում կան գրանցված դեպքեր, մեզ հուշում են՝ դեռ վաղ է դիմակներից հրաժարվելու կանոնն ուժի մեջ դնելը: Դրա համար փակ տարածքներում դիմակի կրումը կմնա որպես պարտադիր պահանջ»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաև պատվաստման գործընթացին: «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկու դեղաչափերը տարբեր բաղադրիչներ են պարունակում, և երբ մենք ստանում ենք, ստանում ենք երկու դեղաչափերը միաժամանակ: Այստեղ որևէ խնդիր չի կարող առաջանալ, որ մարդը «Սպուտնիկ V»-ի մի դեղաչափը ստանա, հաջորդ դեղաչափը հասանելի չլինի: Նաև իմ խոստումն է եղել «Աստրա Զենեկայի» պահով, և մենք ընթացիկ ձևով կազմակերպում ենք մատակարարումները և ոչ մի խնդիր չունենք»,- ասաց Ավանեսյանը՝ բնակչությանը հորդորելով ակտիվություն ցուցաբերել պատվաստման գործընթացում: