Վերջերս մամուլում անդրադարձ կար ԱԻՆ ՓԾ տնօրենի և մեկ այլ ծառայողի կողմից «կամայական» կանաչ գույնի համազգեստ կրելու մասին:
Պետք է տեղեկացնենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2020 թվականին մի շարք միջազգային կազմակերպություններից առաջարկություններ էր ստացել թվային պատկերով քողարկող համազգեստը փոխարինել այլ համազգեստով՝ հաշվի առնելով, որ սահմանամերձ գոտիներում իրականացվող ծառայության ընթացքում տարաբնույթ հարցեր են առաջանում:
Փրկարար ծառայության համազգեստի ձևը, տրման կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին ՀՀ կառավարության 2020 թ. ապրիլի 30-ի N 668-Լ որոշման 1-ին հավելվածի 48-րդ կետով որոշում էր կայացվել քաղաքացիական պաշտպանության համազգեստի գույնը փոխել մուգ կանաչի:
Համազգեստը կարող են կրել քաղաքացիական պաշտպանության ծառայողները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և Փրկարար ծառայության տնօրենի հրամանով՝ այլ ծառայողներ: Գործընթացը մեկնարկել է. առաջիկայում փրկարար ծառայողները փուլ առ փուլ կապահովվեն նշված համազգեստով: