ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կրկին մտահոգություն է հայտնել հայ ռազմագերիների ճակատագրի և Ադրբեջանին ԱՄՆ աջակցության վերաբերյալ: Շիֆն այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է.
«Ավերիչ հակամարտությունից և անհավանական տառապանքներից մեկ տարի անց մենք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի մյուս համանախագահների հետ կարողացանք ավելի քան 52 մլն դոլարի ֆինանսավորում ապահովել Հայաստանի ու Արցախի համար վերջերս ներկայացված՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին ծախսերի օրինագծում: Այս ներդրումը կնպաստի Հայաստանում ժողովրդավարական, տնտեսական և էներգետիկ բարեփոխումներին և հրատապ մարդասիրական օգնություն կտրամադրի Արցախում:
Մեր աշխատանքը, սակայն, ավարտված չէ: Մենք պետք է շարունակենք ջանքերը, որպեսզի ԱՄՆ իշխանություններն իրականացնեն դիվանագիտական բոլոր հնարավոր գործողությունները՝ Ադրբեջանի ագրեսիային վերջ տալու և հայ ռազմագերիների ու պահվող անձանց անհապաղ ազատ արձակումն ապահովելու համար, որոնց հանդեպ վերաբերմունքով կոպտորեն ոտնահարվել են մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաները: Բոլոր ջանքերը պետք է ներդնենք, որպեսզի Բայդենի վարչակազմը դադարեցնի ամերիկյան աջակցությունն Ալիևի ռեժիմին, որը շարունակում է կոպտորեն ոտնահարել մարդու իրավունքներն ու սպառնալ Հայաստանի անկախությանը»: