Վերջին 10 տարիներին ռեժիսոր Գրիգոր Տատինցյանը գրեթե ամբողջությամբ տրվել էր իր նոր մուսային՝ գեղանկարչությանը՝ կտավին հանձնելով իր անկատար երազանքները, չիրականացրած ներկայացումներն ու գաղափարները:
Երկարամյա տատանումներից հետո վերջապես որոշել էր ներկայանալ իր առաջին անհատական ցուցահանդեսով, բայց տաղանդաշատ մտավորականի կյանքն ընդհատվեց այս գարնանը՝ մայիսի 9-ին: Հիմա մտերիմները դժվարանում են նրա մասին անցյալով խոսել:
Ցուցահանդեսն, այնուամենայնիվ, բացվեց: Տատինցյանի ընկերներն ու բարեկամները Գրիգորի 4 տասնյակից ավելի ստեղծագործությունները «Փախուստ դեպի իրականություն» խորագրով ներկայացրել են նկարիչների միության ցուցասրահում: Շատերի համար տաղանդավոր հեռուստառեժիսորի նոր տարերքն իսկական հայտնություն է:
Գրիգորի գործերին տանը՝ կամերային տարածության մեջ ծանոթացածները զարմանքով են փաստում, որ ցուցադրական տարածքում դրանք նոր շնչառություն են ստանում, և միանգամից սկսում են ապրել իրենց ինքնուրույն կյանքը:
Ամենավաղ՝ երիտասարդության տարիներից Տատինցյանը կապվեց հեռուստատեսությանը, աշխատեց Մոսկվայի կենտրոնական, Հայաստանի Հանրային հեռուստաընկերություններում, բեմադրեց ինքնատիպ ներկայացումներ ու հեղինակային հեռուստածրագրեր: Եվ այդ ամենն իրականացրեց մեծ սիրով:
Պերսոնաժների այս գեղեցիկ այլաբանությունն ու բազմազանությունն իր բոլոր դրսևորումների մեջ ամբողջանում է մի տեսակի՝ Գրիգոր Տատինցյան տոհմիկ մտավորականի կերպարի մեջ: