Նոյեմբերի 9-ից հետո Արցախին ուղղված շուրջ 14 ծրագիր է իրականացվել: Այս մասին Կառավարության նիստին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով այդ միջոցառումները:
«Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող համայնքների բնակիչներին հյուրընկալած անձանց աջակցության ծրագրից փաստացի օգտվել է 3300 շահառու, ծախսվել է 1 մլրդ 654 մլն դրամ: Արցախում անշարժ գույք կորցրած բնակիչներին հյուրընկալած անձանց աջակցության ծրագրով 450 հյուրընկալող է օգտվել: Ծախսվել է 196 մլն դրամ: Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցության ծրագրից օգտվել է 109 հազար շահառու, իսկ ընդհանուր ծախսը կազմել է 30 մլրդ դրամ»,- ասաց Փաշինյանը:
Արցախի բնակչության կապի և կոմունալ ծախսերի վճարման ծրագրով էլ ծախսվել է 4.6 մլրդ դրամ:
«Արցախին մեր աջակցության փաթեթն արդեն կազմում է 83 մլրդ դրամ, որից 52 մլրդ դրամն այս պահի դրությամբ ծախսվել է: Իմ թվարկած ծրագրերի մի մասն ավարտվել է, մյուս մասն ընթացքի մեջ է»,- ասաց Փաշինյանը: