Միացյալ Նահանգներում «Լուրերի» թղթակիցը մանրամասներ է հաղորդում նախօրեին Նյու Ջերսի նահանգում Արցախի անկախությունը սատարող փաստաթղթի ընդունման մասին։
Սենատը հաստատել է օրենսդիր Ջոզեֆ Լագանայի առաջադրած 71 համարի օրինագիծը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և միաժամանակ շեշտում Արցախի Հանրապետության դեմ հարձակումների և հայկական երկրորդ հանրապետության անկախությունը սատարելու մասին։ Ներածական մասում մանրամասնելով Մեծ Եղեռնի թեման՝ Սենատի որոշումը սահմանում է, որ Թուրքիան շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Արցախի Հանրապետության հայ քաղաքացիների դեմ։ Արցախը բնութագրելով որպես հազարամյակներով հայկական բնօրրան՝ փաստաթուղթը սահմանում է. «Արցախի Հանրապետությունն Ադրբեջանից անկախացել է օրինական ճանապարհով՝ տարիներով դիմադրելով ագրեսիային։ Արցախն անցկացրել է ժողովրդավարական ընտրություններ, որոնք որպես ազատ և արդար են գնահատել դիտորդները»:
Սենատորները հաստատել են, որ նախորդ տարի Թուրքիան և Ադրբեջանն անօրինական հարձակում են իրականացրել Արցախի դեմ, զավթել տարածքներ, ոչնչացրել մշակութային կոթողներ, նպատակ դրել բնիկ հայերին տարագրել Արցախի տարածքից։
«Նյու Ջերսիի օրենսդիր մարմինը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական անձանց դեմ հարձակումները, ճանաչում է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունն ու Միացյալ Նահանգների նախագահից ու Կոնգրեսից պահանջում անել նույնը»,- նշված է սենատի փաստաթղթում։ Այն ստացել է 36 քվե՝ հաստատվելով միաձայն։