ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրող՝ «Ազատության աջակցության ակտ» օրենքի 907 բանաձևի հնարավոր շրջանցման և Հայաստանին ու Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու անհավասարության կապակցությամբ: Կոնգրեսականները կոչ են արել «Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռություն ու ռազմական աջակցության հարցում նման անհավասարության դիվանագիտական հետևանքները հաշվի առնել 2022-ի ֆինանսական տարվա ընթացքում 907 բանաձևի չեղարկումը երկարաձգելու հետ կապված ցանկացած որոշման ընդունման ժամանակ»:
ԱՄՆ արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը քննարկում է տարվա ֆինանսական հատկացումների և օժանդակության մասին փաստաթուղթը, որն առաջարկում է առնվազն 50 մլն դոլարի օժանդակություն Հայաստանին՝ տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության բարձրացման, էներգետիկ անկախության, ժողովրդավարության ու օրենքի գերակայության և այլ նպատակների համար, և 2 մլն դոլար Արցախին՝ ականազերծման նպատակով։