2021 թվականի համար կանխատեսվում էր 3.2 տոկոս տնտեսական աճ, բայց տնտեսական աճի կանխատեսումները վերանայվում են դեպի վերև. կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ 2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ:
«Բավականին հաջող իրականացնում ենք պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումները և այդ առումով ունենք կիսամյակի գերակատարում»,- ասաց Փաշինյանը:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հավելեց, որ առաջին կիսամյակի ընթացքում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է ավելի քան 750 մլրդ դրամ:
«Սա այն պայմաններում, երբ ծրագրային ցուցանիշը նախատեսված էր 683 մլրդ դրամ: Ճշտված ծրագրային ցուցանիշը կազմելու է մոտավորապես 697.7 մլրդ դրամ: Այս համեմատության մեջ կարող ենք ասել, որ առաջին կիսամյակի համար մենք ունենք 52.5 մլրդ դրամի գերակատարում»,- ասաց Հովհաննիսյանը: