Տարածքային կառավարման ոլորտը համակարգող փոխվարչապետը մարզպետների աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով համակարգելու է նրանց գործունեությունը. ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Փոխվարչապետը քննարկելու և համադրելու է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը: Նա իրավական հսկողություն է իրականացնելու մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ և անհրաժեշտության դեպքում դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնելու վարչապետին, լսելու է մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունները, քննելու է գործունեության ստուգման արդյունքները»,- ասաց Պապոյանը: