Խարդախություն, պաշտտոնեական լիազորությունների չարաշահում, պաշտոնական կեղծիք, փաստաթղթերի կեղծում. 4 հոդվածով քրեական գործ Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիման վրա: Վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում է հայտնվել Դատական դեպարտամենտի՝ 2016-18 թվականներին պետական միջոցների կառավարումը: Ըստ ՊՎԾ ուսումնասիրության՝ խախտումներն առանձնապես խոշոր չափերի են՝ մոտ 42 միլիոն դրամի:
Արա Եղոյան (ՀՀ ՊՎԾ ղեկավարի տեղակալ) - Դատական դեպարտամենտի պետի հրամանով թվով 9 աշխատակից իբրև թե գործուղվել են ՀՀ տարբեր մարզեր, սակայն ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ նշված տնտեսվարող սուբյեկտները, որտեղից ներկայացրել են գիշերակացի փաստաթղթեր, իրականում չեն ունեցել հյուրանոցային ծառայության մատուցման հնարավորություններ կամ զբաղվել են այլ գործունեությամբ:
ՊՎԾ ղեկավարի տեղակալն ընդգծում է՝ ներկայացված գիշերակացի փաստաթղթերը համեմատվել են նաև պետեկամուտների կոմիտեի տվյալների հետ: Ստուգել են նաև Դատական դեպարտամենտ մուտքի և ելքի սարքի արձանագրությունները, պարզվել է՝ հրամանով մարզեր գործուղված աշխատակիցները շարունակել են ներկայանալ Երևանում գտնվող աշխատավայր:
Արա Եղոյան - Փաստաթղթով գործուղված անձը առավոտյան ներկայացել է աշխատանքի, դուրս է եկել ընդմիջման, այնուհետև վերադարձել է:
Նշված աշխատակիցներից երկուսը, ի դեպ, ըստ Արա Եղոյանի, արդեն զբաղեցնում են բարձր պաշտոններ՝ դատավոր են: Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, նախաքննությունը շարունակվում է: Ի դեպ, Դատական դեպարտամենտում պետական միջոցների կառավարման խախտումների վերաբերյալ ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել: