Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիշին անհանգստացած է Կուրիլյան կղզիներում, մասնավորապես Կունաշիրի կղզում, ռուս զինվորականների գործողություններով՝ հաղորդում է Reuters-ը:
«Ռուսաստանը շարունակում է իր ռազմական գործունեությունը Հեռավոր Արևելքի տարածաշրջանում»,- ասել է Կիշին Հոկկայդո կղզու Չիտոսե ռազմաբազա կատարած այցի ժամանակ: Նա ուշադրություն է հրավիրել Կունաշիրի կղզում Ռուսաստանի հրթիռային կայանքների տեղակայման, Ճապոնական և Օխոտի ծովերի վրայով թռչող ռուսական ռադիոլոկացիոն ինքնաթիռների և կործանիչների թռիչքների վրա:
Հունիսի 23-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքը հայտարարել էր Կուրիլյան կղզիներում և Ճապոնական ծովի ջրերում լայնածավալ զորավարժություններ սկսելու մասին: Մարտական պատրաստության միջոցառումներին մասնակցել է ավելի քան 10 հազար զինծառայող, 500 միավոր ռազմական տեխնիկա, 32 ինքնաթիռ, 12 նավ: