ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականի անդամներին և թենիսի ֆեդերացիայի ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Օրերս Սկոպյեում կայացած Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու չորրորդ ենթախմբի մրցմանը մեր ընտրանին (կազմը՝ Միքայել Ավետիսյան, Սեդրակ Խաչատրյան, Հենրիկ Նիկողոսյան, Նադիր Սարգսյան, մարզիչ՝ Վահե Ավետիսյան) Ալբանիայի, Ադրբեջանի և Չեռնոգորիայի հետ պայքարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և արդեն հաջորդ տարի Դևիսի գավաթի երրորդ ենթախմբում հանդես գալու հնարավորություն ստացել:
Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել թենիսիստներին Հայաստանը պատվով ներկայացնելու և հայ ժողովրդին հպարտություն պարգևելու համար:
«Նմանօրինակ հաջողությունները հիմք են մեծ հաղթանակների համար: Դուք ձեր մրցելույթներով ոգևորում եք բազմաթիվ մարդկանց, օրինակ ծառայում նրանց համար: Սպորտում գրանցվող հաղթանակները ոչ միայն մարզիկների, այլև ժողովրդի՝ սեփական ուժերի նկատմամբ ունեցած հավատի ցուցիչ են, ուստի դուք շատ մեծ դերակատարում ունեք հայ հասարակության տրամադրությունը բարձրացնելու և նրան վստահություն ներշնչելու առումով: Շարունակե՛ք հպարտության զգացում պարգևել մեզ, իսկ նախարարությունը շարունակաբար կանի հնարավորը ձեզ աջակցելու և խրախուսելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը և ընդգծել՝ մշտապես պատրաստ է լսել մարզաշխարհի ներկայացուցիչների առաջարկությունները և դիտարկումները:
Հայաստանի թենիսի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը պատմել է Դևիսի գավաթում թիմի մրցելույթների մասին՝ փաստելով, որ ի սկզբանե հաղթական են տրամադրված եղել. «Գիտակցում ենք, թե նախորդ տարվա դժվարություններից հետո մեր ժողովրդի համար որքան կարևոր են հաղթանակները, և դրանք գրանցելու համար ուժ չենք խնայում: Մեր գլխավոր նպատակը մեկ ենթախումբ բարձրանալն էր, ինչին կարողացանք հասնել:
Նախ Ալբանիայի, ապա Ադրբեջանի հավաքականների նկատմամբ տոնած հաղթանակներն ապահովեցին չորրորդից երրորդ ենթախումբ անցումը, իսկ Չեռնոգորիայի հետ խաղի արդյունքն արդեն էական նշանակություն չուներ: Սա բոլորիս հաղթանակն է՝ երկրի, նախարարության, ֆեդերացիայի, մարզիկների: Վերադարձել ենք դրական էմոցիաներով և նոր հաղթանակների պատրաստակամությամբ»:
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի ներկայացուցիչներից Վահրամ Դումանյանը հետաքրքրվել է հավաքականի առաջիկա ծրագրերից, քննարկել մեր երկրում մարզաձևի առավել մասսայականացման և զարգացման հեռանկարները: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ նախարարությունը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը՝ համատեղ ուժերով առկա խնդիրները լուծելու համար:
Ներկաները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և որպես հաղթական հուշանվեր՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարին նվիրել Դևիսի գավաթի՝ իրենց ստորագրություններով գնդակ: