Հունահռոմեական ոճի ըմշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Օլիմպավանում վերջին մարզումը անցկացրեց Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ։ Մեր ընտրանու ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը հրապարակել է Դորտմունդում կայանալիք մրցաշարին մասնակցող ըմբիշների անունները։
Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 55 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը, 60 կգ քաշային Դավիթ Ջոթյանը, 63 կգ քաշային Վլադիմիր Հարոյանը, 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, 72 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը, 77 կգ քաշային Աշոտ Կիրակոսյանը, 82 կգ քաշային Ռագիկ Միխեևը, 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, 97 կգ քաշային Սամվել Սարգսյանը և գերծանր՝ 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը։
Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանն ընդգծում է՝ օգտագործվել են բոլոր հնարավորությունները կարևոր ստուգատեսին լավագույնս ներկայանալու համար
Ընտրանու ավագ մարզիչը նշում է, որ կազմում վնասվածքներ չկան, և ըմբիշները պատրաստ են առաջնությանը:
72 կգ քաշային ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը մարտական է տրամադրված և, ինչպես ինքն է ասում, Դորտմունդ են մեկնում մեդալների հետևից։
Հունահռոմեական ըմբիշները մեդալների համար պայքարը կսկսեն հուլիսի 2-ից։