Հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում առաջընթաց կա՝ կարծում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փեթեր Մաուրերը:
«Իզվեստիա» թերթի հետ հարցազրույցում նա ասել է, որ դեռ վեճեր են ընթանում որոշ ձերբակալվածների թեմայով. արդյոք նրանք ռազմագերի՞ են համարվում, ի՞նչ կարգավիճակ ունեն և կարո՞ղ են արդյոք վերադառնալ: Կազմակերպության նախագահը հայտնել է, որ Կարմիր խաչի աշխատակիցներն անմիջական հասանելիություն ունեն գերիներին ու պահվող անձանց:
«Ադրբեջանի կառավարությունը ծանուցել է, որ հայկական կողմի հետ ձերբակալվածների կարգավիճակի վերաբերյալ տարաձայնություններ են առաջացել։ Բաքուն և Երևանն ինքնուրույն պետք է այդ հարցը կարգավորեն միմյանց միջև»,- կարծում է Մաուրերը։ Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ն կարող է ներկայացնել իր փորձը, խորհուրդ տալ որևէ բան, սակայն կառավարությունները պետք է իրենք որոշեն այդ մարդկանց վերջնական կարգավիճակը։
Պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններում են պահվում ձերբակալված անձինք Ադրբեջանում՝ ԿԽՄԿ-ն հայտարարել է, որ իրենք դրան հանրային գնահատական չեն տալիս: Կարմիր խաչը դիտարկում է նաև հակամարտության գոտիներում տեղահանված անձանց և ձերբակալվածներին «Սպուտնիկ Վի»-ով պատվաստման հավանականությունը: Մաուրերն ասել է նաև, որ այս տարի Կարմիր խաչը հինգ անգամ մեծացրել է Լեռնային Ղարաբաղում իր առաքելության ֆինանսավորումը՝ այն հասցնելով 50 միլիոն դոլարի:
ԼԱՎՐՈՎԸ ԵՎ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՎԱՐԵՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Անթալիայում բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Անդրկովկասում իրավիճակը կլինի Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունների կարևոր թեմաներից մեկը: Կքննարկվեն նաև Մոսկվա-Անկարա երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր:
ԱՄՆ ՍԵՆԱՏՈՐՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ԼՂ ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄԸ
Սենատորներ Քրիս Վան Հոլենի և Տոդ Յանքի երկկուսակցական նամակը, որով կոչ է արվում ֆինանսավորել Արցախի ականազերծումը, ուղարկվել է Սենատի համապատասխան հանձնաժողով: Բազմաթիվ սենատորներ միացել են նախաձեռնությանը: ԱՄՆ հայկական կառույցները ողջունել են նախաձեռնությունը:
ԱՐԱՄ Ա-Ն ԿՄԵԿՆԻ ՎԱՏԻԿԱՆ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն այսօր կմեկնի Վատիկան՝ մասնակցելու Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպմանը, որին ներկա է լինելու նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 1-ին, ելույթ են ունենալու Ֆրանցիսկոս պապը, Արամ Ա կաթողիկոսը, Ռայի պատրիարքը: Կիլիկիո Հայոց կաթողիկոսը, ընդառաջելով Հռոմի պապի առաջարկին, խոսելու է Լիբանանի ներկա տնտեսական ու քաղաքական իրավիճակից և դրանից դուրս գալու հնարավորությունների մասին:
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ 18-ՐԴ «ՈՒՂԻՂ ԿԱՊԸ»
Մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսը: Քաղաքացիների հետ նախագահի ուղիղ կապը 18-րդն է, նրան ուղղված հարցերի թիվը հասել է մեկ միլիոնի: Պուտինին քաղաքացիները հարցեր են ուղղել հիմնականում հեռախոսազանգերի, տեքստային հաղորդագրությունների միջոցով: Բնակչությունն ամենաշատը հետաքրքրված է Քովիդ-19 համավարակով, հիմնական թեման լինելու է տնտեսությունը: