Սևանա լճի հանրային լողափերի սեզոնի բացմանն ընդառաջ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Սևան» ազգային պարկի աշխատակազմի մասնակցությամբ։
Նախքան խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, նախարարի պաշտոնակատարն իր դժգոհությունն է հայտնել նախորդ ամիսներին կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ և հնչեցրել խիստ գնահատականներ․որոշ աշխատակիցների տրվել են խիստ նկատողություններ, մեկ աշխատակից ազատվել է աշխատանքից։
«Սևան» ազգային պարկի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու խիստ հրամայական կա։ Կատարված աշխատանքների արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ գործելաոճը, անհրաժեշտ վարչարարության կիրառումը վերանայելու և փոփոխությունների ենթարկելու կարիք կա։
«Այն մարդիկ, ովքեր չեն կիսում «Սևան» ազգային պարկը ինստիտուցիոնալ առումով կայացնելու, պետության և քաղաքացու շահերի սպասարկման մեր տեսլականը, չեն կարող շարունակել իրենց ճանապարհը մեզ հետ»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։
Ռոմանոս Պետրոսյանը կրկին անդրադարձել է «Սևան» ազգային պարկի առջև դրված խնդիրների առաջնահերթություններին՝ պատասխանատուներին տալով մի շարք հանձնարարականներ՝
հանրային լողափերի գործունեության ողջ ընթացքում խստիվ հետևել տարածքների համար սահմանված կարգապահական նորմերին.
հավուր պատշաճի կազմակերպել և ժամանակին իրականացնել տարածքների աղբահանությունը.
պատրաստվել Սևանա լճի ափամերձ և սահմանված նիշից ներքև՝ ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները նոր, ավելի հզոր տեխնիկական միջոցներով կազմակերպելուն (հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կապալառուի կողմից ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը գնահատվել էր ոչ արդյունավետ և շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել էր խնդրո առարկա աշխատանքներն իրականացնել անմիջականորեն «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի միջոցով։ Այդ նպատակով մշակվել է համապատասխան նախագիծ, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար նախատեսված 208,238.5 հազար դրամ գումարի վերաբաշխում, որի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել համապատասխան մասնագիտացված մեքենա-մեխանիզմներ։ Նախագիծը շուտով կներկայացվի Կառավարության քննարկմանը)։
Հանդիպման ավարտին նախարարի պաշտոնակատարն ազգային պարկի գործընկերներին հորդորել է համախմբվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ և անել հնարավորը այն կյանքի կոչելու համար։