«Խմելու ջուր ունեք, բախտներդ բերել է». երևանյան սպառողների վերջին օրերի ահազանգը կարծես մարեց։ Երեքշաբթի՝ կեսօրի դրությամբ, համաձայն «Վեոլիայի» կարգավորիչ մոնիտորի՝ քաղաքը խմում է միջինից վարկյանում 3000 լիտրով շատ ջուր։
Սարգիս Գրիգորյան, «Վեոլիա Ջու» ընկերության կարգավարական բաժնի պետ - Հիմա՝ այս պահին, մենք Երևանին տալիս ենք 10 հազար լիտր ջուր, մի ամիս առաջ սպառումը 6,5-7000 լիտր էր:
Նախորդ օրերի հարկադրված ջրանջատման մասին խոսել այստեղ հիմա հակված չեն։ Խնդիրն Էլցանցի հետ քննարկել, հասկացել են։ Համակարգի հիշողությունում, սակայն, դեռ երկար կմնա Շոր-շորի պոմպակայանի հունիսի 22-ի բեկյալը․ հոսանքն այնքան թույլ էր, որ սարքերն ավտոմատ էին անջատվում։
Հոսանքի հետ կապ չունի Աջափնյակի օրվա ջրանջատումը։ Վթարային բրիգադն առավոտյան 6-ից Լենինգրադյանի դիտահորում է։ Փականը, պարզվում է, կոտրվել էր հակառակի պես փակ վիճակում՝ ջրի ամենանվազ հոսքի վրա թողնելով Մարտիրոսյան, Արա Սարգսյան, մոտակա 10 փողոցի սպառողներին։ Մի շաբաթ է՝ տարածքի բնակչության աչքը ծորակին է։
Երբ հասկացան, որ այլընտրանքային տարբերակով խնդիրը լուծել հնարավոր չէ, ստիպված փչացած մի փական փոխելու համար գիշերվանից փակել են գրեթե ամբողջ թաղամասի ջրամատակարարումը՝ ներկայացնում է Մաշտոց շահագործման տեղամասի պետը։
Հրանտ Դանիելյան, «Վեոլիա Ջուր» ընկերության Մաշտոց շահագործման տեղամասի պետ - Փակել էինք Աջափնյակի 70 տոկոսը սնուցող 500 մմ-անոց ջրատարը, Արզականի ջրատարից է սնվում:
Գործը մի քանի ժամվա է, բայց գիշերն այն անել-վեջացնել՝ հնարավոր չէր՝ պնդում են բանվորները։ 2 կմ երկարությամբ ջրով լիքը խողովակաշարը մինչև չդատարակվեր՝ զոդել չէին կարող։ Փականը փոխելուն պես ջրի հոսքը տարածք՝ փողոց առ փողոց վերականգնվեց։ Բանվորները դեռ չէին գնացել՝ դիտահորի հարևան սրճարանի ծորակն էլ թրջվեց։
Չէին հասցրել շինարարական գործիքները մեքենա լցնել՝ զանգը գուժեց․ Դավթաշենում էլ վթար կա, ջուրն անմիջապես անջատելու հրահանգ հնչեց։ Մնաց՝ սարքելը:
Հրանտ Դանիելյան - Մեր խողովակի վրա կառուցված են երկաթյա շինություններ՝ կրպակ։ Հիմա պայմանավորվել ենք՝ կռունկի միջոցով տեղափոխում են, որ կարողանանք մոտենանք ջրատարին:
Սպառողներից ստացած ահազանգերը «Վեոլիայի» գրասենյակում մի առանձին մոնիտոր են լցնում, կանաչ փարոսիկները շատ են, բայց մի քանի օր առաջվա պատկերի հետ չեն համեմատի, երբ մեծամասշտաբ ջրանջատումների փատճառով 1-85-ին փորձում էր միանալ միանգամից 80 մարդ։ Օնլայն ռեժիմով համակարգը ցույց է տալիս նաև բոլոր տարածքների սնուցումը: Շենգավիթում, օրինակ, նախորդ տարի այս օրը վարկյանում մոտ 390 լիտր ջուր էր սպառվում, հիմա՝ 580-ից շատ։ Պատճառը դարձյալ շոգն է՝ խորը հոգոցով բացատրում է կարգավարական բաժնի պետը։
Մի ժամ գոնե անձրև գա, խմելու ջուրը մարդիկ այգիներում էլ երկար չեն բացի՝ վստահ են «Վեոլիայում»։ Այնպես որ պատին վերջերս մի մոնիտոր էլ են ավելացրել, ուշադիր հետևում են եղանակի տեսությանը։