Ադրբեջանցիները գալիս են ԵԽԽՎ, խոսում խաղաղությունից, մինչդեռ իրենց երկրում գեներացնում են ատելություն. Ստրասբուրգից նոր վերադարձած մեր պատվիրակությունը պնդում է՝ կեղծ խաղաղասիրական կոչերին հակադարձել են հստակ փաստերով՝ ռազմավարի «պուրակից» մինչև Ալիևի ռազմատենչ ելույթներ:
Տաթևիկ Հայրապետյան (ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ) - Իրականում մեր եվրոպացի գործընկերների կողմից կա ընկալում, որ սա շատ վտանգավոր գործելաոճ է Ադրբեջանի կողմից: Ես ցույց եմ տվել Ալիևի և Էրդողանի կնոջ խոսակցությունը:
Հովհաննես Իգիթյանն ընդգծում է՝ հայկական պատվիրակությունը եվրոպական ամբիոնն օգտագործում է մեզ հուզող բոլոր հարցերը բարձրացնելու համար, ընդհանուր առմամբ եվրոպացի գործընկերները ճիշտ են գնահատում իրավիճակը, հասկանում, որ գերիների վերադարձը խաղաղության հասնելու ճանապարհին առաջնային քայլերից մեկն է:
Հովհաննես Իգիթյան (ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ) - ԵԽԽՎ-ում ընդհանուր մթնոլորտը չէի ասի պրոհայկական, բայց ուղղված է այն խնդիրներին, որոնք մեզ հուզում են: Բոլոր զեկուցողները, բացառությամբ մեկ-երկու երկրների ներկայացուցիչների, գտնում են, որ առանց գերիների վերադարձի հնարավոր չէ առաջ շարժվել: Այնտեղ խոսում են, որ առանց վստահության մթնոլորտ անհնար է առաջ շարժվել: Այնտեղ քննարկվում է նաև Թուրքիայի հարցը, որը ռազմատենչ գործողություններ է իրականացնում, որ մեծ դժգոհություն է առաջացրել նաև ԵԽԽՎ-ում:
Իգիթյանը նաև Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարությունների մասին է խոսում, որտեղ մեղադրյալի աթոռին են հայտնվել հայ ռազմագերիները: Հարցը ամբողջ քաղաքակիրթ աշխարհին է առնչվում՝ ասում է պատգամավորն ու ներկայացնում, իր բնորոշմամբ, մեր հիմնական բացթողումը:
Հովհաննես Իգիթյան - Մենք չենք օգտագործել ամբողջ հայության ներուժը: Ցավոք, ընտրությունների ժամանակ, քաղաքական Հայաստանի իրավիճակը նաև տարածվեց սփյուռքի որոշ կազմակերպությունների վրա, և նրանք զբաղվում էին իրենց ոչ բնորոշ՝ ՀՀ ներքաղաքական հարցերով: Ընտրություններից հետո ամեն ինչ կընկնի իր տեղը:
ԵԽԽՎ պատվիրակության անդամները մեկնաբանում են նաև իրենց գործընկերոջ՝ Աժ ամբիոնից արած հայտարարությունը: Նաիրա Զոհրաբյանը այսօր հայտարարել է, թե ադրբեջանցիների հետ իր քննարկումներից հասկացել է, որ գերիների վերադարձը կապվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման օրակարգի հետ:
Սոս Ավետիսյան (ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ) - Որևէ քննարկում ադրբեջանցիների հետ, բացի տիկին Զոհրաբյանից, մեր պատվիրակության անդամներից ոչ մեկը չի ունեցել: Ռազմագերիների հարցը բացառապես հումանիտար հարց է և որևէ կերպ չի կարող կապվել այլ հարցի հետ:
Հումանիտար համատեքստում հարցը դիտարկելով՝ մեր պատվիրակությունը խնդրել է ԵԽԽՎ հատուկ զեկուցող Փոլ Գավանին Բաքու կատարվելիք այցի ընթացքում տեսակցել հայ գերիներին: Մայիսին Հայաստան այցի ընթացքում Գավանին հանդիպել էր հայ գերիների հարազատների հետ:
Հեղինակ՝ Քերոբ Խաչատրյան