Անձրևի պես խնամքով կանաչը թարմացնում, քաղաքի փոշուց խոտը լվանում, Օղակաձև զբոսայգու երկրորդ հատվածում օդը զովացնում է ոռոգման ցայտիչը։ Երբ ջուրն անջատվի՝ դրանք ավտոմատ հողի մեջ կիջնեն, որ խոտածածկի վրա աննկատ մնան։ Այս սարքերի առավելությունը խնայողական ռեժիմով՝ քիչ ջրով մեծ մակերես խոնավ պահելն է։
Նույն ցայտիչները Սարյանի պուրակը համառորեն չեն թրջում, քանի որ Կանաչապատման աշխատակիցները չէին հասցրել ավարտել տեղադրումը, տարածքից գողացել են 17, կոտրել՝ 20 սարք։
Հայկ Շահամիրյան (Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակից) - էս նայեք, էս նոր ցնցուղն է, էս էլ՝ գողացածը. բացեմ, տեսեք. գողացել են:
Ովքե՞ր են տանում ցայտիչները, վաճառում են մասնավոր առանձնատների բակերում գործ անողների՞ն, թե՞ պարզապես դիտավորությամբ վատություն են անում՝ չգիտեն՝ ասում է Երևանի կանաչապատման կենտրոնի պատասխանատուն։
Լևոն Հովհաննիսյան (Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական ստորաբաժանման ղեկավար) - Ամեն առավոտ մենք էստեղ մի բան հայտնաբերում ենք. գողանում են, վնասում են, շներն են սիրում շատ՝ կրծում են: Ոնց-որ միտումնավոր՝ հատուկ վնաս հասցնեն:
Ցերեկով, երբ իրենք այստեղ են, ոչ մեկը չի համարձակվի այգուց ո՛չ ոռոգման դետալ գողանալ, ո՛չ էլ վարդ կամ այլ բույս՝ պնդում են Սարյանի արձանի հարևանությամբ նկար վաճառողները։ Հնարավոր է՝ տարածքում գիշերող հարբեցողներն են փչացնում՝ իրենց վարկածն են առաջ քաշում մարդիկ։
Կանաչապատման ՀՈԱԿ-ից որոշել են ոստիկանների օգնությամբ խստացնել հսկողությունը, որտեղ հնարավոր է՝ տեսախցիկ կտեղադրեն։ Ոռոգման հարցը փորձում են լուծել գողացածի փոխարեն ինքնաշեն ցողիչներ տեղադրելով։ Ի տարբերություն գործարանային թաքնվող հարմարանքների, դրանք ցցված էլ մնում են, րոպեում 18 լիտրից կրկնակի շատ ջուր են օգտագործում, բայց՝ գողանալու համար գրավիչ չեն՝ լինի պլասմասսե թե մետաղական։
Տարածքը երեկվանից չեն ջրել, որ բանվորները հողը նախապատրաստեն խոտ ցանելուն։ Կես ամսից պետք է որ Սարյանի պուրակն այլևս փոշոտ չլինի․ սիզամարգ աճեցնելու հետ վնասված ցայտիչներն ամբողջությամբ կփոխարինեն։ Այս տարվա ծրագրով Երևանում ընդհանուր նորացվում-նորոգվում է 35 կմ ոռոգման ցանց։ Աշխատանքների կեսից ավելին, ըստ Կանաչատատման ՀՈԱԿ-ի ղեկավարի, արդեն ավարտում են։
Արա Աղայան (Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն) - Օրինակ՝ Վերածննդի այգում աշխատանքները ավարտին եմ մոտենում, Զատիկյանի այգում։ Սարյանի այգում՝ աշխատանքները ավարտվել են անցած տարի, հիմա պատրաստում ենք կանաչապատման:
Օրեր կան՝ ջուրն էլ է խնդիր․ Երևանը սնվում է Սևանի ջրբացթողումներից է, որի կարիքը գյուղերում էլ է հիմա սուր։ Տեղ-տեղ ստիպված են լինում շոգին ծառերի բները ջրցան մեքենաներով խոնավացնել։ Մայրաքաղաքի մոտ 400 կմ-անոց ոռոգման համակարգի մեծ մասը փոխել է պետք։ Գործը սկսել են առաջնահերթ ճանաչված մարդաշատ զբոսայգիներից ու գլխավոր փողոցներից։
Եթե ստիպված չլինեն տեղադրած խողովակ-փականներն ու ցանած ծառ-թփերը գողացող-փչացնողներից հետո նորից վերականգնել՝ խոստանում են՝ Երևանում կանաչը 2-3 տարուց նկատելի կշատանա: