«Բելառուսը չի կարող կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները Եվրամիության սահմանած պատժամիջոցների և սահմանափակումների պայմաններում»: Նման պատճառաբանությամբ պաշտոնական Մինսկը որոշել է դադարեցնել մասնակցությունը Եվրոպական միության նախաձեռնած «Արևելյան գործընկերությանը:
Բելառուսի իշխանությունը միաժամանակ հայտարարել է, որ պետության նկատմամբ պատժամիջոցների կիրառումն անընդունելի է: Բելառուսի արտգործնախարարություն է կանչվել այդ երկրում Եվրամիության դեսպանը, զուգահեռ՝ Բրյուսելից Մինսկ է վերադարձել Եվրամիության ներկայացուցիչը:
Այսքանով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Բելառուսը չի սահմանափակվել և արգելել է այն անձանց մուտքն իր երկիր, որոնք նախաձեռնել և իրագործել են պատժամիջոցները: Եվրոպագետ Անի Եղիազարյանը նկատում է՝ Եվրամիության և Բելառուսի հարաբերությունները սրվել են յուրաքանչյուր ընտրական ցիկլից հետո, սակայն այս մեկն աննախադեպ է:
Անի Եղիազարյան, Եվրոպագետ - Շատ խիստ էին այս անգամ պատժամիջոցները, ինչը հետևանք էր նախորդ ամսում այն ինքնաթիռի հետ կապված միջադեպի: Այդ միջադեպն արագացրեց:
Մայիսին Բելառուսը հարկադրել էր իր օդային տարածքով թռչող ինքնաթիռի անձնակազմին վայրէջք կատարել Մինսկի օդանավակայանում: Դա արվել էր ինքնաթիռում գտնվող բլոգեր և լուսանկարիչ, ընդդիմադիր Տելեգրամ-ալիքների հիմնադիր Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու համար:
Հունիսի 21-ին Եվրամիությունը պատժամիջոցները կիրառեց, ընդլայնեց ֆիզիկական և իրավաբանական անձանց թիվը, որոնք ներառված են «սև ցուցակում»: Այս հարաբերություններում կտրուկ շրջադարձ եղավ նախագահի ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաների ֆոնին: Բրյուսելը համոզված է, որ Բելառուսի իշխանությունը փորձում է լռեցնել քաղհասարակության ձայնը և հաշվեհարդար տեսնել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ:
«Արևելյան գործընկերությունը» ևրամիությունը նախաձեռնել է 2008 թվականին՝ նպատակ դնելով խորացնել ինտեգրացիոն կապերը նախկին Խորհրդային միության 6 երկրի հետ: Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան պաշտոնապես հայտարարել են՝ իրենց համար այս գործընթացի վերջնանպատակը՝ ԵՄ անդամ դառնալն է: Ի տարբերություն այս երկրների՝ Հայաստանը չի ստորագրել Ասոցացման պայմանագիր՝ բավարարվելով միայն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով: Սակայն գործնականում Երևանը շոշափելի առաջ է շարժվել՝ նկատում է «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:
Հովսեփ Խուրշուդյանը, «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ - Նույնիսկ մինչև հեղափոխությունը Հայաստանը շատ ցուցանիշներով ավելի առաջ էր, քան այդ երեք երկրները:
Կարո՞ղ է Մինսկի որոշումը հարվածել «Արևելյան Գործընկերությանը» և բացասաբար ազդել ծրագրի կենսունակության վրա: Նախաձեռնությունն, անկախն ամեն ինչից, շարունակելու է գործել՝ համոզված է Խուրշուդյանը:
Վիզաների ազատականացման գործընթացը Եվրամիության հետ համաձայնագրի տրամաբանական մաս է կազմում: Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիներն արդեն ստացել են հնարավորություն առանց վիզայի մեկնել ԵՄ-երկրներ: Հայաստանը բանակցությունների փուլում է: