Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգանի հրաժարականը Մարալիկում պահանջում էին դեռ 2018 թ. հեղափոխությունից հետո։ Տևական շուրջօրյա բողոքի ցույցերից հետո, երբ ցուցարարները համայնքապետարանի շենքը շրջափակման մեջ էին պահում օրեր շարունակ, համայնքապետն իր աշխատակազմի և քաղաքապետարանի մյուս աշխատակիցների հետ լքեց համայնքապետարանի շենքը և տեղափոխվեց Մարալիկի երաժշտական դպրոց, իսկ բնակիչների բողոքների հիման վրա հարուցվեցին քրեական գործեր, որից հետո Մարալիկում ակցիաները դադարեցին։
Արդեն տարի ու կես կառույցը գործում է այս շենքում: Առաջին հարկում երաժշտական պարապմունքներն են, երկրորդ հարկում՝ համայնքապետարանը։ Հիմա մարալիկցիները դարձյալ որոշել են համայնքապետի հրաժարականի պահանջը նորացնել։ Նրանք երթով եկել էին երաժշտական դպրոց՝ հանդիպելու Արտակ Գևորգյանին և հրաժարական պահանջելու. սակայն ոստիկանները ներս մտնել չթույլատրեցին․ երաժշտականի աշխատանքը կխանգարեն։
Բանակցություններից հետո ցուցարարները մտան շենք, բայց երկրորդ հարկ բարձրանալ, ուր համայնքապետարանն է աշխատում, չթույլատրեցին։ Տեղեկացրին՝ Արտակ Գևորգյանը շենքում չէ, նա արձակուրդում է գտնվում։ Այնուհետ ցուցարաները պահանջեցին հանդիպում աշխատակազմի հետ։ Երաժշտական դպրոցի շենքից պետք է դուրս գա համայնքապետարանը, Մարալիկում քաղաքապետարանի շենքը դատարկ է, դռները՝ բաց, այնտեղ կարող են աշխատել համայնքապետարանի բոլոր աշխատակիցները․ իրենք մերժում են միայն Արտակ Գևորգյանին, որի պաշտոնավարման ժամկետը, ի դեպ, լրանում է 2022 թվականի նոյեմբերի 5-ին։
Կարճ ժամանակ հետո ցուցարարների հետ հանդիպման եկավ Անիի փոխհամայնքապետը։ Դարձյալ նույնն ասաց՝ Գևորգյանն արձակուրդում է, իրենք աշխատում են: Պահանջ ներկայացրին՝ դուրս գալ երաժշտականից, այն պետք է ծառայի միայն Անի համայնքի երեխաներին, համայնքապետարանի աշխատակիցներին ժամանակ տվեցին։ Կարճ ժամանակ հետո փոխհամայնքապետը վերադարձավ․ աշխատակազմը հրաժարվում է կատարել ցուցարարների պահանջը․ նրանք մնում են և աշխատում երաժշտական դպրոցում։
Ի պատասխան սրա՝ ցուցարարներն ասացին, որ կկիրառեն նախորդ փորձը, վաղը ևեթ կշրջափակեն երաժշտական դպրոցը, ոչ մեկը համանքապետարանի աշխատակիցներից ներս մտնել չի կարողանա։ Մարալիկցիներն Արտակ Գևորգյանին մեղադրում են տարբեր հանցագործությունների մեջ։ Նրանց բողոքների հիման վրա հարուցված քրեական գործերով Անի խոշորացված համանքի ղեկավարը մեղադրվում է յուրացման և պաշտոնական լիազորությունների չարաշահումներ կատարելու համար։ Յուրացման մեղադրանքով գործը վերաքննիչ քրեական դատարանում է, իսկ երկրորդի մասով նախաքննությունը նոր է ավարտվել, գործն ուղարկվել է դատարան։
Արտակ Գևորգյանի հետ զրուցել «Լուրերին» չհաջողվեց, նրա հեռախոսն այսօր ամբողջ օրն անջատված էր։ Գևորգյանի փաստաբան Արամայիս Գրիգորյանը փոխանցեց, որ իր վստահորդն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և գտնում է, որ իր նկատմամբ տեղի ունեցող գործընթացը քաղաքական հաշվեհարդար է՝ քաղաքական հայացքների համար։ Արամայիս Գրիգորյանը շեշտեց նաև՝ Արտակ Գևորգյանի նկատամամբ օրինական ուժի մեջ մտած դատական վճիռ առաժմ չկա, և Գևորգյանը շարունակելու է պաշտոնավարել՝ որպես Անի խոշորացված համանքի ղեկավար։