Պահեստազորի փոխգնդապետի ընտանիքը տեղափոխվում է նոր բնակարան: 3 պատերազմի մասնակցին պետությունը բնակարանի գնման վկայագրով հատկացրել է 9 մլն դրամ:
Տիգրան Գևորգյան (պահեստազորի փոխգնդապետ) - Հարգանք է զինծառայողի հանդեպ, ես անձնապես վերցնում եմ ինձ վրա, որ 32 տարվա ստաժ ունեմ:
Զինված ուժերում են ծառայել նաև կինն ու որդին: Տիգրան Գևորգյանը սովորել է Ռուսաստանի ռազմական բուհերում, ծառայել Հայաստանի սահմանամերձ զորամասերում: Ապրիլյանի ժամանակ ղեկավարել է Քարվաճառի զորամասի շտաբը, 44-օրյա պատերազմում պաշտպանել Արցախի հյուսիսարևելյան ուղղությունը:
Տիգրան Գևորգյան - Ցավալի է, միայն ինձ համար չէ, ովքեր կյանք են ներդրել... Բայց ոչինչ, հետ ենք բերելու:
Ռուզաննա Գևորգյան - Մեր նոր բնակարանն ունի շատ լավ հնարավորություններ, սանհագույցն ու խոհանոցը կնորոգենք:
Ինը տարի ապրել են Քարվաճառում, տարիներ ի վեր վարձով բնակվել ծառայության տարբեր վայրերում:
Պահեստազորի սպան 15 տարի սպասել է բնակարան ստանալու հերթին: Մեկ ամիս առաջ կրկնապատկել է պետության հատկացրած գումարն ու ծննդավայր Արմավիրում տուն գնել:
Տիգրան Գևորգյան - Մեր սպաները հանդիպեցին վարչապետի հետ, խոստացավ լուծել, ինձ նման 500-600 հոգու, որ պահեստազորում են, հատկացնում են բնակարաններ:
2019-ից մինչև հիմա բնակարանի գնման վկայագիր է տրվել թոշակի անցած 386 զինվորականի, 254 անձ արդեն ձեռք է բերել բնակարան:
Արթուր Համամջյանց (ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով վարչության գլխավոր մասնագետ) - Արագածոտնի մարզի շահառուների բնակարանային գործերն ենք վերանայում առաջիկա նիստի քննարկման, որից հետո հուլիսի 6-ից կանցնենք Կոտայքի մարզի շահառուների տվյալների թարմացմանը:
Կառույցից շատերը մեկնել էին ռազմաճակատ: Ռազմական գերատեսչության բնակարանային կենտրոնական հանձնաժողովը չէր կարողանում նիստեր գումարել: Աշխատանքը վերականգնել են՝ փորձելով առաջնահերթ լուծել հաշվառված զինթոշակառուների, զոհված, մահացած անձանց ընտանիքների բնակարանի խնդիրը:
Ալեքսանդր Ավետիսյան (ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով վարչության պետ) - Փորձել ենք պարզեցնել, քաղաքացին այստեղ գալու կարիք չունի. եթե խոսքը վերաբերում է զոհված, մահացած անձանց ընտանիքի բնակհաշվառման գործընթացին: Դիմում է ՏԻՄ, վերցվում է հաշվառման, գործն ուղարկվում է մեզ մոտ, որը քննարկման դրվի:
Խոսքն այս պահին երեք հազար շահառուի մասին է, թիվն անընդհատ փոխվում է: Աջակցություն ստանալու համար անձը չպետք է բնակարան ունենա: Վկայագիրը տրվում է՝ ելնելով ընտանիքի անդամների թվի, բնակհաշվառման սկզբունքից: Հաշվարկում են բնակհաշվառման հասցեի բնակարանի կադաստրային արժեքով:
Ալեքսանդր Ավետիսյան - Կառավարության որոշմամբ սահմանված է, ինչպես նշեցի, զոհվածի, մահացածի ընտանիքի անդամ, հետո անցնում 1-ին, 2, 3, զուգահեռ զինթոշակառուներ, մարզ առ մարզ, հետո՝ Երևան, նույն տրամաբանությամբ առաջնորդվելու ենք՝ Սյունիք, Վայոց ձոր, Երևան:
Մարդ կա՝ բնակարանի սպասում է ավելի քան մեկուկես տասնամյակ. հիմա վերանայվում են ընթացակարգերը, հեշտացվում է գործընթացը, որ բոլորին ապահովեն տանիքով:
Ալեքսանդր Ավետիսյան - Դրա միջոցով նաև ապագայում զինծառայության հանդեպ հետաքրքրություն ունեցող անձանց շրջանում ցույց ենք տալիս, որ կարողանում ենք եղած հնարավորության սահմանում սոցիալական խնդրին, գուցե մի քիչ ուշ, պայման ստեղծել, որ սոցիալական պաշտպանության նվազագույն հարցերը լուծեն:
Զորացրվելուց հետո շատերը բնակարան են ստացել, բայց դրանք դեռ չեն սեփականաշնորհվել: Պաշտպանական գերատեսչությունն առաջիկայում կանդրադառնա գործընթացին: