5 շարժական, 20 անշարժ գույք և 3 բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր: Սրանք ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող այն գույքերն են, որոնց վերաբերյալ Գլխավոր դատախազությունը ուսումնասիրությունն ավարտել, դատարան է ներկայացրել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու համար: 3 ուսումնասիրություններին վերաբերող 4 դիմումները դատարանը բավարարել է:
Սրբուհի Գալյան, Գլխավոր դատախազի տեղակալ - Այսինքն՝ դատարանի կողմից կայացվել են որոշումներ, որոնց հիման վրա երեք անձանց, շահառուների գույքի վրա կիրառված է արգելանք: Այս պահի դրությամբ՝ դրամային գումարային տեսքով գումարի բռնագանձման չափը 6 մլրդ դրամից ավել է: Հնչեղ անուններ կան, նրանցից մեկը ոստիկանության նախկին պետ է, մյուսը՝ նախկին նախարար, երրորդը՝ ԱԱԾ նախկին աշխատող:
Խոսքը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասին է: Դատախազությունը հայտնում է՝ Գասպարյանը պաշտպանի միջոցով պատշաճ ծանուցվել է դատախազություն ներկայանալու, բացատրություն ներկայացնելու համար:
Սրբուհի Գալյան - Ներկա պահին շահագրգիռ բոլոր անձինք, կարելի է ասել, ներկայացել են, նրանց տրամադրվել են ուսումնասիրության նյութերը:
Ենթադրաբար, ապօրինի ծագում ունեցող գույքի մյուս սեփականատերերի անունները կարդում ենք Azdarar.am-ում: Նրանցից մեկը բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն է, մյուսը՝ ԱԱԾ բարձրաստիճան նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանը:
Սրբուհի Գալյան - Սպասում ենք այդ մարդկանց դիրքորոշմանը: Անձն իրավունք ունի ենթադրաբար ապօրինի ծագման գույքի հետ կապված փաստեր ներկայացնել: Հնարավոր է, որ դատախազությանը որոշ դեպքերում որոշակի ապացույցներ օբյեկտիվորեն հասանելի չեն եղել, և չի բացառվում, որ անձը հիմնավորի այդ գույքերի ծագման օրինականությունը:
Գլխավոր դատախազի տեղակալը հայտնում է՝ իրավասու պետական մարմնի հետ հաշտություն կնքելու հնարավորություն էլ կա, եթե շահագրգիռ անձինք համաձայն են, որ հայտնաբերված գույքն ապօրինի է և չունեն հակառակն ապացուցելու հիմքեր: