Միջազգային Քրիստոնեական հոգատարություն ամերիկյան կառույցի պատասխանատուներից Էնդրյու Քրեյնը ցույց է տալիս այն ալբոմները, որոնք իրենց փաստահավաք խումբը վերջերս բերել էր Հայաստանից ու Արցախից։ Էնդրյուի ձեռքին են նաև իրենց հրատարակությունները: Վերադառնալով Վաշինգտոն՝ զեկույց են տպագրել Արցախի վտանգված քրիստոնեական ժառանգության մասին։
Էնդրյու Քրեյն (Միջազգային քրիստոնեական հոգատարություն կառույցի պատասխանատու) - Աշխատում ենք ամերիկյան կառավարության հետ, որպեսզի Արցախի հետ շփումներն ավելանան։ Պատերազմի մասնակիցներն ու նրանց ընտանիքներն աջակցության կարիք ունեն, ցանկանում ենք, որ ամերիկյան կառավարությունը հնարավորություն տա ավելացնելու փոխադարձ շփումները։ Աշխատում ենք նաև ամերիկյան տարբեր կրոնական միությունների հետ, որոնց ևս պատմում ենք Արցախի մասին:
«Քրիստոնեական հոգատարությունը» պատերազմից հետո է սկսել և հետևողականորեն ավելացնում է օժանդակությունն արցախահայերին։ Մարդասիրականից բացի՝ քաղաքական և տեղեկատվական անելիքն էլ է շատ։
Էնդրյու Քրեյն - 591 խաչքար և 190 եկեղեցի մնացել է գրավյալ տարածքներում։ Այդ հուշարձանները, որոնցից շատերը դարերով են կանգուն եղել, հիմա վտանգված են: Այդ տաճարները խոսում են տարածաշրջանի քրիստոնեական դիմագծի մասին։ Ընդ որում՝ սրանք այն հուշարձաններն են, որոնց մասին գիտենք։ Հնարավոր է՝ կա նաև մեզ համար անհայտ ժառանգություն, որոնց ոչնչացումն Ադրբեջանի համար էլ ավելի դյուրին կլինի։
ICC հապավումով քրիստոնեական կառույցը կառավարության և իրավապաշտպան միությունների հետ աշխատում է, որպեսզի Արցախի հուշարձանների հարցը դիտարկվի Արևմուտքի համար առանցքային՝ կրոնական ազատության գործող դրույթների համատեքստում։ Էնդրյուն ասում է, որոշակի առաջընթաց գրանցել են։
Աստվածաշնչի վաշինգտոնյան թանգարանն էլ է միացել։ Գիտաշխատող Ջեֆրի Քլոան վերջին երկու տարում երկու անգամ եկել է Հայաստան։
Ջեֆրի Քլոա (Աստվածաշնչի թանգարանի ավագ զբոսավար) - Շուշիի տաճարը հոկտեմբերին ռմբահակոծեցին։ Զեկույցներ կան գմբեթները քանդելու և նման այլ փաստերի մասին։ UNESCO-ին դեռ հնարավորություն չի տրվել այցելելու Ղարաբաղ։ Նախօրեին բացեցինք «Հին հավատքը՝ Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները» առցանց ցուցադրությունը, որով ձգտում ենք ուշադրություն հրավիրել խնդրի վրա:
Արցախի քրոստոնեական ժառանգության մասին առցանց ցուցադրությունը Վաշոնգտոնյան թանգարանի կայքում տևելու է մինչև 2022 թ. սեպտեմբեր՝ ասում է Քլոան։ Այս առիթով նա միջոցառում էր կազմակերպել թանգարանում, որին առցանց միացան Էջմիածնից և ամերիկյան Թաֆթս համալսարանից։ Մայր Աթոռից Տեր Շահե ծարյագույն վարդապետ Անանյանը խոսեց Արցախի հայկական ժառանգությունը որպես ոչ հայկական, այլ աղվանական ներկայացնելու՝ Ադրբեջանի տխրահռչակ և գիտական հենքից զուրկ պնդումների մասին։
Թաֆթս համալսարանի հայազգի պրոֆեսոր Քրիստինա Մարանցիի խոսքով՝ ժամանակակից տեխնոլոգիաները Դադիվանքում կամ Ծիծեռնավանքում հնարավորություն կտային բացահայտել որմնանկարները, որոնք դարերի ընթացքում մարդու աչքի համար դարձել են անտեսանելի։
Վարուժան Ներսեսյան (ԱՄՆ-ում ՀՀ դեսպան) - Որպես առաջին քրիստոնյա երկիր՝ Հայաստանը պատասխանատվություն ունի իր քրիստոնյա ժառանգությունը պահպանելու և այն աշխարհին ցուցադրելու առումով:
Աստվածաշնչի թանգարանում արդեն ցուցադրված են հայկական նմուշներ, բայց դեսպանը խոսում է նոր ցուցադրություն կազմակերպելու մասին։
Ջեֆ Քլոան ուղեկցում է դեպի այն սրահը, որը հիմա նորոգվում է: Գարնանը նախատեսվում է «Աստծո շունչը» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված աշխարհի առաջին քրիստոնյա պետությանը։